Միակողմանի զիջումների բանաձևը

Միակողմանի զիջումների բանաձևը

Նիկոլ Փաշինյանն իր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարում է, որ Տավուշի մարզի ոչ մի գյուղ չի հանձնվելու։ Փաշինյանը ճիշտ է ասում, քանի որ այն գյուղերը, որոնք պահանջում է Ադրբեջանը, ըստ էության, չեն պատկանում Տավուշի մարզին, այլ ժամանակին պատկանել են խորհրդային Ադրբեջանին։

Փաշինյանի համար միակողմանի զիջումների քաղաքականությունը նորմ է դարձել, ընդ որում՝ ասվածը վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների բոլոր ասպեկտներին:

Օրինակ, այսօր Փաշինյանը մի «յուրահատուկ» պատասխան է տվել, թե ինչու ադրբեջանցի վերջին ռազմագերին հետ վերադարձվեց՝ առանց Բաքվի կողմից փոխադարձության:

Նա ասում է՝ ադրբեջանցին մոլորված է եղել, չարամտություն չի եղել նրա արարքում և ահա այդ պատճառով նա վերադարձվել է, ոչ թե փոխանակվել:
Ադրբեջանցի զինվորի մոլորության վարկածը կասկածի տակ չի դրվում, սակայն եթե նա ոչ թե փոխանակվում է, այլ վերադարձվում, ապա անուղղակիորեն ենթադրվում է, որ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցները «չարամտություն» են գործել:

Նույն տրամաբանությամբ, եթե Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների տեսանկյունից լեգիտիմ է Մուստաֆաևի գրասենյակի պահանջը, դրա միակողմանի, առանց փոխադարձության, բավարարումը լեգիտիմացնելու է Հայաստանի տարածքների օկուպացիան:

Վահրամ Բագրատյան