ՀԷՑ-ը տուգանվել է․ հայտնի է տուգանքի չափը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակվել է 20 միլիոն դրամի չափով տուգանք։
ՀԷՑ-ի նկատմամբ տուգանք նշանակելու մասին որոշումը միաձայն ընդունվել է հանձնաժողովի նիստում։
Հանձնաժողովն իրականացրել է 2023 թվականի 1-ին և 3-րդ եռամսյակների ընթացքում ՀԷՑ-ի կողմից սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացի վերլուծություն, որից պարզվել է, որ մի շարք դեպքերում չեն պահպանվել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով (կանոններ) սահմանված ժամկետները։
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը` հանձնաժողովը ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ` վերոնշյալ պահանջների հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։
Վարույթի շրջանակում ընկերությունը ներկայացրել է իր պարզաբանումները, մասնավորապես՝ կանոններով սահմանված ժամկետների չպահպանումը պայմանավորելով բնակիչների կողմից աշխատանքների խոչընդոտմամբ, սպառման համակարգերն էլեկտրաէներգիայի ընդունմանը պատրաստ չլինելով, տեղական ինքնակառավարման մարմինների գործողություններով և այլն։ Մի շարք դեպքերում խախտվել են սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետները, որը հանգեցրել է մի խումբ դիմող անձանց (սպառողների) իրավունքների կամ օրինական շահերի խախտման։
ՀԷՑ-ի գործունեության հետևանքով կանոններով նախատեսված ժամկետներում բաշխման ցանցին միացված չեն եղել՝ 1-ին եռամսյակի արդյունքներով 804, 2-րդի՝ 2675, 3-րդի՝ 476 սպառման համակարգեր, կանոններով նախատեսված ժամկետների խախտմամբ սպառման համակարգերն էլեկտրական ցանցին են միացվել առաջին եռամսյակում 1729, երկրորդում՝ 3918, երրորդում՝ 2333 դեպքերում։
ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը պարզաբանել է, որ միացումների ուշացումները պայմանավորված են եղել նաև միացումների թվի աննախադեպ աճով։