Փաշինյանի հերթական մանիպուլյացիան

Քաղաքացիների հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի պնդում էլ էր արել՝ որպես հաջողություն ներկայացնելով այն փաստը, թե արցախցիների արտագաղթը դեպի այլ երկրներ դադարել է:
Երեկ, հենց վարչապետի ընտանիքին պատկանող ԶԼՄ-ն փաստեր ներկայացրեց, որոնք, մեղմ ասած, կասկածի տակ են դնում Փաշինյանի պնդումները:
2023 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից պետական սահմանի օդային և ցամաքային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Լեռնային Ղարաբաղի հաշվառում ունեցող 10 հազար 929 անձ, որոնցից 4303-ը վերադարձել են:
Ստացվում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 6626 անձ է հիմնական լքել Հայաստանը:
Փաստորեն, ընդամենը երկու ամսում Հայաստանի տարածքը լքել են բռնատեղահանված արցախցիների մոտ 6-7%-ը, իսկ Փաշինյանը այդ հարցում առանձնապես մեծ պրոբլեմ չի տեսնում:
Իհարկե, սա բնական է, որովհետև Հայաստանի գործող վարչապետը մի քանի առիթով հպարտացել է, թե կառավարությունը ինչպիսի «արտառոց» արդյունավետ աշխատանք է կատարել՝ Արցախի մեր հայրենակիցներին ընդունելու հարցում:
Այս թվերը, մեղմ ասած, չեն խոսում կառավարության արդյունավետ սոցիալական քաղաքականության մասին, մանավանդ, որ Արցախի մեր հայրենակիցների մեծամասնության կենցաղային հարցերը լուծվել են ոչ թե պետական մակարդակով, այլ նրանց հարազատների, ծանոթների ջանքերով:
Մի բան է ասուլիսներում վերամբարձ խոսքեր ասելը, այլ բան գետնի վրա խնդիրներ լուծելը: Հայաստանի կառավարությունը ճառ ասող է, «զանգակ կախողը» չկա:
Վահրամ Բագրատյան