Հավաքական ախտորոշումը՝ քաղաքական մանկամտություն

Հավաքական ախտորոշումը՝ քաղաքական մանկամտություն

Խորհրդարանական վերջին արտահերթին կառավարող խմբակցությունը հերթական անգամ ապացուցեց կենդանական վախն «Արցախի Հանրապետություն» արտահայտությունից։ Հենց այդ վախն էլ կենարար աղբյուր է Իլհամ Ալիևի համար՝ սպառնալիքներ տեղալու Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին՝ կա՛մ ուժով բացելու «Զանգեզուրի միջանցքը», կա՛մ էլ Արցախի հետ սահմանին հսկիչ անցագրային կետ տեղադրելու։ Միգուցե նույնիսկ՝ երկուսը միաժամանակ։ Ինչպես համոզվեցինք օրեր առաջ՝ ադրբեջանական ուժերը, դեռևս քաղաքացիականների քողի տակ, արդեն իսկ սկսել են Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու փակման նախապատրաստումը, ավելի շատ՝ հոգեբանական ներազդումը։

Եվ եթե ժամանակին մեր ԱԳՆ-ն գոնե մի անդեմ հակադարձում էր բերում՝ ի պատասխան Բաքվի անհիմն պնդումների, հիմա դա էլ չի անում։ Կառավարությունում և արտաքին քաղաքական գերատեսչությունում թերևս հաշտ են թշնամու այդ սպառնալիքների հետ, չեն էլ վրդովվում, երբ Ալիևն ու Էրդողանը թյուրքալեզու և մահմեդական այլ երկրների ղեկավարներին հրավիրում են «Զանգեզուրի միջանցքում» ներդրումներ անելու՝ այն ներկայացնելով որպես արդեն իսկ կյանքի կոչված երազանք։

Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ անգամ Ադրբեջանը պաշտոնական Երևանի ուղերձներում հստակություն չեն տեսնում և քանիցս բարձրաձայնել են այն մասին, որ Հայաստանից եկող պատգամները խիստ հակասական են։ Օրինակ, երբ պատերազմում մեր պարտությունից հետո սկսվել էր հայ-թուրքական երկխոսության գաղտնի գործընթաց, ԱԳՆ-ն մի բան էր հայտարարում, Փաշինյանն ու նրա գրպանային խմբակցությունը՝ բոլորովին այլ։ Այն ժամանակ, երբ գերատեսչության ղեկավարը կադրային դիվանագետ Արա Այվազյանն էր, արդեն իսկ ակնհայտ էր, որ դիվանագիտություն բանեցնելու հիմնական օղակը՝ ԱԳՆ-ն, դուրս է մղված հակառակորդների հետ պայմանավորվածությունների կայացման գործընթացից, և այն միանձնյա իրականացնում է Փաշինյանը։

Ցանկացած երկրի համար խայտառակության գագաթնակետ է, երբ ԱԳ նախարարն ասում է՝ տեղեկացված չենք հայ-թուրքական շփումներից, ՔՊ-ական վերնախավը խոսում է Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ թշնամանքը կառավարելու, անգամ այն բացառելու մասին, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարը խոստանում է «շտկումներ մտցնել Թուրքիայի հարցով», այն է՝ ընդունել թշնամական նախապայմանները։ Ի դեպ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը բացառիկ կենսունակության տեր պաշտոնյա է, քանի որ առնվազն պատերազմից հետո հիմնիվեր փոխված կառավարությունում միայն նա մնաց իր տեղում և շարունակում է որևէ տապալում թույլ չտված իշխանավորի անխռովությամբ պաշտոնավարել։

Արդեն երկու տարի է՝ տարածաշրջանի լրջագույն խաղացողները՝ ՌԴ-ն և Իրանը, փորձ են անում ընդդիմանալու Սյունիքով թյուրքական միջանցքի բացմանը։ Հատկապես Իրանի շարունակական հիշեցումները պիտի որ Երևանին էլ ստիպեին հետևողականորեն խոսել ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների գերակայության մասին։ Այս իշխանախումբը դա չի՞ հասկանում, թե՞ միտումնավոր շրջանցում է այն։ Բայց երբ այդ հարցում շահառու պետությունները տեսնում են, որ հայաստանյան վարչախումբը տարված է բացառապես սեփական աթոռները պահպանելու մոլուցքով և հանուն դրա՝ պատրաստ է նույնիսկ տարածքային կորուստներ թույլ տալ, ի՞նչ պիտի անեն՝ գան ու մեր փոխարեն ապահովեն մեր անվտանգությո՞ւնը։
Եթե Հայաստանը պաշտոնապես հրաժարվում է Անկախության հռչակագրով սահմանված կարևորագույն ազգային նպատակներից մեկից՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարումից, ինչո՞ւ պիտի մյուս երկրները, այդ թվում գերտերությունները, ճանաչեն այն կամ ճնշում գործադրեն Թուրքիայի վրա։ Իբրև ազգ և պետություն՝ մենք ի վերջո հաղթահարելո՞ւ ենք քաղաքական այս մանկամտությունը, և այլոց հանդեպ ակնկալիքներ ձևակերպելուց առաջ՝ սովորելո՞ւ ենք նախևառաջ հաշիվ տալու ինքներս մեզ։

 

Դավիթ Սարգսյան