Զորակոչից խուսափելու մեջ մեղադրվող Արցախի քաղաքացին արդարացվել է․ փաստաբանը մանրամասներ է հայտնում

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի այսօրվա դատավճռով արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից խուսափելու մեջ, արդարացվել է։ Այս մասին MediaHub-ին ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ Ալենի պես հարյուրավոր արցախցիներ, որոնք որևէ պատճառով երբևէ հաշվառվել են Հայաստանում, այժմ շարունակում են լինել ապօրինի քրեական վարույթների զոհ, անհարկի հետախուզվում և անգամ արտերկրից արտաքսվում Հայաստան։
«Բայց և այնպես, պետք է արձանագրել, որ հենց Հայաստանի իշխանությունն է մեզ օտարերկրացիներ կամ քաղաքացիություն չունեցողներ համարել, իսկ օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցողը ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայության անցնելու պարտականություն չի կրում։ Եվ քանի որ զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ կարող է լինել միայն զինծառայողը, իսկ զինծառայող է բացառապես ՀՀ քաղաքացին, հետևաբար զինվորական հանցագործությունների մեջ մեղադրվող ցանկացած արցախցու նկատմամբ իրականացվող քրեական հետապնդում ապօրինի է»,-հավելեց փաստաբանը։
Այսպես, Արցախի քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու, պետական համակարգում ծառայության ընդունելու համար կառավարությունը պահանջում է ընդունել ՀՀ քաղաքացիություն, այսինքն 070 ծածկագրով ՀՀ անձնագիրը անվավեր ճանաչել, ստանալ նույն անձնագիրը՝ այլ ծածկագրով։ Իսկ ահա բանակ զորակոչելու համար դա կարծես պարտադիր պահանջ չէ։
Հունան Թադևոսյան