Փաշինյանի «խաղաղության դարաշրջանում» էլ հայ զինվորները շարունակում են զոհվել սահմանին

Փաշինյանի «խաղաղության դարաշրջանում» էլ հայ զինվորները շարունակում են զոհվել սահմանին

Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող:

Փաշինյանի «խաղաղության դարաշրջանում» էլ են հայ զինվորները զոհվում սահմանին, ու այս անգամ ոչ թե Արցախում, որի անվտանգությունը ստանձնել են ռուս խաղաղապահները, այլ հայ-ադրբեջանական սահմանին: ՔՊ-ականները ՀՀ հպարտ քաղաքացիներին փորձում էին ապացուցել, որ 44-օրյա պատերազմից, իսկ դե-ֆակտո Արցախը Բաքվին մաս-մաս հանձնելուց հետո, այլևս կրակոցներ չեն լինելու, բանակը կարելի է կրճատել, շուտով հայ-ադրբեջանական սահմանը բացվելու է և ՀՀ-ն էժան լոլիկով ողողվի: Սակայն Ադրբեջանն ունի այլ կարծիք, խաղաղությունն ընկալում է յուրովի՝ կրակելով հայ զինվորների ուղղությամբ, այդպիսով մեսիջ հղելով նաև ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր Փաշինյանի և ՔՊ-ի օգտին են քվեարկել:

Ադրբեջանի նպատակն է Արցախի և Հայաստանի հայաթափումն ու ՀՀ այսօրվա տարածքի բնակեցումը ադրբեջանցիներով: ՔՊ-ն, իհարկե, չի ցանկանում բարկացնել Ալիևին և հայ զինվորի հերթական մահը կմոռացվի արդեն վաղը՝ նոր լրահոսով:

ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն, որ նրանց որդիները զոհվելու են սահմաններին այնքան ժամանակ, քանի դեռ Երևանում իշխանության են Ադրբեջանին չհակադարձող ՔՊ-ականները: Սա այն հայակործան բանաձևն է, որը պետք է խաթարել՝ ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելով: Սեփական կամքով ֆինանսական հոսքերից օգտվող և իշխանությունը վայելող, ոչինչ չանող ՔՊ-ականները չեն հեռանալու. նրանք օգտվում են ՀՀ քաղաքացիների քաղաքական պասիվությունից և գերտերությունների շահերի լոբբինգով զբաղվելով՝ պահպանում են իրենց աթոռները:

Վահրամ Բագրատյան