Նոր գերեզմանափոսեր էին փորվում, օրվա մեջ տարբեր ժամերի` հուղարկավորում զինծառայողներին. Արայիկը մնաց Արցախում

Նոր գերեզմանափոսեր էին փորվում, օրվա մեջ տարբեր ժամերի` հուղարկավորում զինծառայողներին. Արայիկը մնաց Արցախում

Սեպտեմբերի 25-ին Սինարա Մկրտչյանը 3 զավակների հետ բռնեց գաղթի ճանապարհը։ Առաջաձորի իրենց տնից ոչինչ չհասցրեց վերցնել, անգամ ոսկին ու դրամապանակն է թողել տանը, որովհետև անորոշությունն ու դժբախտությունը միախառնվել էին իրար։ 

Դիրքերում գտնվող որդու փոքր, մարդատար ավտոմեքենայի մեջ, որը վարել է ընտանիքի բարեկամը, տեղավորվել են միայն իրենք, լքել գյուղը. դրա համար տրված էր ընդամենը 15 րոպե ժամանակ։

6 ամիս առաջ այս օրը հարազատ գյուղի մատույցներում Սինարան կորցրեց ամուսնուն, իսկ 20-ամյա որդու՝ Մարտինի մասին մեկ շաբաթ շարունակ լուր չի ունեցել։ 

«Սեպտեմբերի 19-ին դպրոցում էի, երբ լսեցի պայթյունների ձայները, զանգեցի ամուսնուս՝ Արայիկին, հարցրեցի թե՝ ինչ ձայներ են, ինքն էլ ասաց, թե ամեն տեղից են խփում, պատերազմ է։ Դե պատկերացրեք՝ տղաս դիրքերում, ամբողջ մարմինս դողում էր, կապ չկարողացա հաստատել նրա հետ։ Ամբողջ օրը մնացինք այդ անորոշության մեջ։ Դիրքերից ստանում էինք միայն ամենավատ նորությունները։ Արայիկն իր բենզալցակայանի կետից բերեց ու բակում կայանեց որդուս ավտոմեքենան, ինքը գնաց»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Սինարան։

Նրա ամուսինը՝ 48-ամյա Արայիկ Աղասյանը, 17 տարեկան էր, երբ Արցախում ծայր առավ առաջին պատերազմը։ Երիտասարդ տանկիստը շնորհիվ իր փայլուն մարտական գործողությունների՝ արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք մեդալների ու պատվոգրերի։ Կնոջ խոսքով՝ նա մասնակցել է 2008 թվականի տեղային մարտերին, 2016-ի ապրիլյան գործողություններին, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ աշխարազորայինների հետ մասնակցել է Սզնեք գյուղի կռիվներին։ 

«Ինքը միշտ ծառայել է ժողովրդին, օգնել է բոլորին ում, ինչով կարող էր։ Արայիկի հիմնական զբաղմունքը ընտանեկան բիզնեսն էր, խանութ ուներ, բենզալցակայան ու զբաղվում էր նաև անասնապահությամբ, ֆերմա ուներ։ Սեպտեմբերի 19-ին Չլդրան գյուղից Արայիկ Շեկյանի դիակը տեղափոխելու համար հարազատներին բենզին պիտի տար, գնաց «զապրավկայի» տարածք։ Հետո եկավ տուն, տաք հագուստ վերցրեց, ասաց՝ գյուղի տղամարդկանց հետ իջնում են դիրքեր տղաներին օգնության, կփորձի նաև Մարտինից տեղեկություն իմանալ, իսկ եթե հնարավորություն լինի  կգնա Ներքին Հոռաթաղի զորամաս։ Այդ խմբից 4 հոգու որդիներ նույնպես զինծառայողներ էին։ Նրանք էլ իրենց որդիներից լուր չունեին։ Մարտերը մեր ձորակում շարունակվում էին, իսկ դիրքերում կանգնած տղաներին օգնություն էր պետք։ Պայմանավորվել էին, որ գնան առաջնագիծ։ Հենց այդ պահին թշնամու օդուժը հրթիռակոծում է լցակայանի տարածքը և տեղում զոհվում է նաև ամուսինս, որդու մասին այդպես էլ որևէ տեղեկություն չիմանալով»,- ասում է կինը։

Գիշերն առաջաձորցիներն իրենց հարկերի տակ ընդունել են Կիչանից ու Նոր Ղազանչիից տեղահանված հայրենակիցներին։ Սինարան ասում է, որ ամբողջ գիշեր սպասումներից ու հուսահատությունից մեկ րոպե աչք չի թարթել, մի կտոր հաց չի կերել․ «Հիմա արդեն ոչ միայն Մարտինից, այլ Արոյից չունեի նորություն»։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին համագյուղացիները հավաքվել և եկել են Սինարային ցավակցելու։ Այդ օրը կինն իմացել է ամուսնու զոհվելու մասին։ Նրան և մյուս զոհվածներին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Ստեփանակերտի դիահերձարան։ 

«Դժվար է հիմա նկարագրել այդ օրվա ապրումներս։ Կյանքը կանգ էր առել։ Մինչ կհասկանամ, թե ինչ էր կատարվում ինձ հետ, եկան-ասացին` «գյուղը տարհանվում է», դրա համար տվեցին 15 րոպե ժամանակ։ Ո՛չ ոսկին վերցրեցի, ո՛չ նույնիսկ դրամապանակս։ Անձնագրերը մեքենայի մեջ էր, այլ փաստաթուղթ չեմ բերել։ Մեր բարեկամի տղան վարեց մեքենան, 4 մեքենայից միայն մեկը հանեցինք։ Ես երեխաների հետ ևս դուրս եկա՝ մտածելով, որ հետ կգամ»։ 

Սինարան և առաջաձորցիները նախ եկել են Իվանյանի օդանավակայան, այնտեղից՝ Ստեփանակերտ։ Սեպտեմբերի 20-ի կեսօրից «Եղբայրական հուշահամալիր» պանթեոնում նոր գերեզմանափոսեր էին փորվում, օրվա մեջ տարբեր ժամերի հուղարկավորում էին զոհված զինծառայողներին։ 

«Ոչ ոք չասաց մի՛ հուղարկավորեք, Արցախը լքում ենք։ Մենք էլ Արոյին հուղարկավորեցինք Ստեփանակերտում։ Դրանից հետո սկսել եմ Մարտինին որոնել։ Թե ինչ զգացողություններ ունեի, աննկարագրելի է։ Մորգերում էի փնտրում։ Այդ ժամանակ աղաչում էի Աստծուն, որ եթե Արայիկին տարել ես, գոնե որդուս կխնայես, թե չէ չեմ դիմանա»,- հիշում է մեր զրուցակիցը։ 

Սեպտեմբերի 23-ին Սինարայի հարազատները հավաստիացրել են, որ Մարտինը ողջ է, բայց կինն ասել է, որ մինչև որդու ձայնը չլսի, ոչ մեկին չի հավատա։ Ավելի ուշ Մարտինը Մարտակերտից զանգել է մորը, ասել, որ ողջ է, իսկ հաջորդ օրը Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել է Ստեփանակերտ։

«Սեպտեմբերի 24-ի գիշերը, մինչև մեզ տեսնելը, գնացել է հոր գերեզմանին այցի, հետո եկել բարեկամի տուն, որտեղ մենք էինք ապաստանել։ Արայիկին կորցնելուց հետո Մարտինի ողջ լինելն ինձ համար ամենամեծ լույսն էր, որ շրջապատեց ինձ՝ այդ մութ ու մռայլ օրերին»։

Ժամկետային զինծառայող Մարտին Աղասյանը դիրքերում էր սեպտեմբերի 5-ից։ Պատերազմի ժամանակ հայտնվել էր շրջափակման մեջ, հրաշքով է մազապուրծ եղել։ Սեպտեմբերի 25-ին Աղասյանները ևս բռնեցին գաղթի ճանապարհը։ Մինչ Ստեփանակերտը լքելը, հրաժեշտ են տվել Արայիկի շիրիմին, մի բուռ հող վերցրել, ճամփա ընկել։

«Խոստացան, որ արտաշիրիմում կանեն ու դիերը կտեղափոխեն Հայաստան։ Այսօր  6 ամիս է, մենք ամուսնուս գերեզմանին չենք այցելում, ծաղիկ դնելու, սգալու, խնկարկելու հնարավորություն չունենք։ Նա մնաց իր սիրելի Արցախում, իսկ նրան պետությունը զոհված զինծառայողի կարգավիճակ չտվեց»,- եզրափակեց Սինարա Մկրտչյանը։

Հունան Թադևոսյան