«Նոր Զովք»-ը՝ ՊԵԿ-ի թիրախում, ովքե՞ր «կզոհաբերվեն» ՔՊ-ից․ Մամուլը՝ սուրճով

«Նոր Զովք»-ը՝ ՊԵԿ-ի թիրախում,  ովքե՞ր «կզոհաբերվեն» ՔՊ-ից․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները հասան իրենց երկրորդ նպատակին եւս։ Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգնականներին տրվել է աշխատավարձի 15 տոկոսի չափով պարգեւավճար աշխատակազմի նոր ղեկավար֊քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

 Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջիկայում շրջանառության կդնեն ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում են ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկով դիմել Սահմանադրական դատարան:

Որպես Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում է, որ նա ձեռնարկատիրությամբ է զբաղվել, ինչն օրենքով անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնանկության հարցը կարող են բարձրացնել խորհրդարանը եւ իրենք՝ ՍԴ դատավորները: Քանի որ մինչ այժմ ՍԴ դատավորները ոչինչ չեն արել, խորհրդարանականները որոշել են դատավորին պատժելու գործառույթը վերցնել իրենց վրա:

Նախագիծը մինչ լիագումար նիստերի օրակարգ ներառվելը երկշաբաթյա ժամկետում պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, որն այս դեպքում հավանաբար կլինի ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը: Դրական եզրակացություն ստանալու դեպքում այն կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Բայց կա մի խնդիր. ընդդիմությունը այս հարցում կարիք ունի իշխանական ՔՊ-ի ձայների:
«ԱԺ կանոնակարգ» սահմանարական օրենքի համաձայն՝ խորհրդարանում համապատասխան նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ձայների 3/5-ով: Ստացվում է՝ որպեսզի ԱԺ-ն կարողանա դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, անհրաժեշտ է լինելու 65 պատգամավորի համաձայնությունը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 ձայն, եւ ընդդիմությունը պետք է «դիմի» ՔՊ-ականներին՝ անհրաժեշտ ձայներ ստանալու համար:

Ընդդիմադիրները, սակայն, համոզված են, որ իրենց սրտի դատավորի դեմ գործընթացին իշխանականները չեն միանա, այլ կհովանավորեն փաստացի ՔՊ դատավորի ապօրինությունները:
Ամեն դեպքում, եթե նախագիծն ԱԺ-ում ընդունվի, կուղարկվի ՍԴ, որն էլ արդեն որոշում կկայացնի դատավորների լիազորությունները դադարեցնել-չդադարեցնելու մասով:

ՍԴ-ն դատավորի լիազորությունների դադարեցնելու որոշումը կարող է ընդունել դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով մեկամսյա ժամկետում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

2022 թվականի դեկտեմբերի 29-ի կառավարության նիստում հաստատվեց Քրեական օրենսգրքում նոր փոփոխությունների նախագիծը, որով պատասխանատվություն կսահմանվի ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու համար։

Նախագծով առաջարկվում է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար սահմանել տարբեր չափի տուգանքներից մինչեւ առավելագույնը 3 տարվա ազատազրկում, կոչերը տեղեկատվական տարբեր աղբյուրներով, ԶԼՄ-ներով տարածելու համար` 2-5 տարվա ազատազրկում։ Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված տարբեր բռնի գործողություններ կատարելու համար առաջարկվում է սահմանել 10-15 տարվա ազատազրկում։

Նկատենք՝ այս նախագիծը կառավարության նիստում ընդունվեց այն բանից հետո, երբ իշխանական տարբեր շրջանակներ, այդ թվում՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտարարեցին, թե իրենց ստիպում են մտնել Միութենական հանրապետություն։ «Երբ Հայաստանը դիմադրում է, ստանում է ճնշումներ ռազմական տեսքով», – ասել էր նաեւ նա։ Իսկ, ահա, այս հայտարարությունից օրեր առաջ էլ՝ դեկտեմբերի 14-ին, ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էր հայտարարել, թե ՌԴ-ն ստիպում է ՀՀ-ին մտնել Միութենական պետություն, անգամ ժամկետ է դրել, սակայն ՀՀ իշխանությունները մերժել են, փակվել է Լաչինի միջանցքը, եւ ռուս խաղաղապահները բացելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում։

Նկատենք՝ միութենական կազմի մեջ մտնելը նաեւ ենթադրում է ինքնիշխանությունից հրաժարում, եւ հաճախ կազմի մեջ մտնելու առաջարկին լինում են կողմ արտահայտվողներ։ Եւ ստացվում է, որ այսուհետ ՌԴ-ի հետ միութենական հանրապետությունում լինելու մասին որեւէ խոսք անգամ դատապարտելի է լինելու իրավական առումով: Այսինքն՝ ռուսամետ քաղգործիչները, որոնք միութենական պետության ջատագովներն են, անխուսափելիորեն կպատժվեն:

«Հրապարակ» թերթը գրում է.

Թիմակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը հասել է գագաթնակետին, իրավապահ աղբյուրն ասում է, որ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել ՔՊ-ականներին այս կամ այն կերպ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ հեռավոր բարեկամների, ընկերների ունեցվածքը, որ հասկանա, թե թիմակիցներից ով ինչքան է գողանում, ով ինչքան է հարստացել, իրեն ինչքան է խաբել։ Ենթադրվում է, որ որոշել է «դոսյեներ» հավաքել՝ բոլորին պահելով դատվելու վախի մեջ։

Իսկ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ գլխավոր դատախազը հնարավոր է ԱԺ նոր միջնորդություն ներկայացնի` անձեռնմխելիությունից զրկելու մասին, բայց այս անգամ ՔՊ-ական պատգամավորներից մեկի վերաբերյալ։

Երեկ ՔՊ ֆրակցիայում այս տեղեկությունն ակտիվորեն քննարկում էին, փորձում էին գուշակել, թե ով է «զոհաբերվելու»: 2 անուն են կասկածում․ մեկն Արսեն Թորոսյանն է, ում առողջապահության նախարար աշխատած տարիների, մասնավորապես քովիդի շրջանի չարաշահումների վերաբերյալ քրգործեր կան հարուցված: Բացի այդ՝ Թորոսյանը վարչության ընտրությունների կեղծիքը բացահայտեց` դառնալով անցանկալի անձ ողջ ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի համար: Մյուսը պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է, ում պատժելու առիթն էլ կարող է լինել Սեյրան Օհանյանի միջնորդության քվեարկությանը «հիվանդության» պատրվակով չմասնակցելը:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոր Զովք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանին հարցրինք` ի՞նչ էր նշանակում նախորդ օրվա խուզարկությունը, ինչո՞ւ են հայտնվել ՊԵԿ թիրախում:

«Խուզարկություններն ու առգրավումները տեղի ունեցան կոպտագույն խախտումներով։ Նրանք նույնիսկ տեղեկացված չէին, թե ինչ են անում, իրավաբանական խումբը տոտալ անգրագիտություն դրսեւորեց․ չէին տարբերակում պրինտերը համակարգչից, սկաները՝ ՀԴՄ սարքից, հանպատրաստից էին եկել, չունեին տեղեկատվական տեխնոլոգիաների բավարար թվով մասնագետներ․.. քննչական խմբի գործողությունների հետեւանքով տնտեսվարողը կրեց էական վնաս՝ 8-10-12 ժամ մասնաճյուղերը փակ պահելով»:

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերաինտեգրվում է Արցախի քաղաքական կյանքին, որտեղից հեռացել էր 44-օրյա պատերազմից հետո՝ հրաժարվելով Արցախի հերոսի կոչումից եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Թեեւ դա գնահատվեց որպես պատասխանատվությունից խույս տալու եւ պարտության մեղքը ռազմաքաղաքական ղեկավարության ուսերին դնելու փորձ։ Նախօրեին Բաբայանը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, ճիշտ է՝ նա Արցախի Հանրապետության գործող եւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի, ինչպես նաեւ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ առաջին շարքերում չի նստել, բայց Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանն ակտիվ հանդիպումներ է ունենում իր թիմակիցների հետ՝ նախապատրաստվելով հաջորդ ընտրություններին: Նա չի թաքցնում, որ եթե Սահմանադրությունը փոխվի, ինքը դեմ չի լինի զբաղեցնել պետնախարարի պաշտոնը, սակայն ո՛չ հանրային շրջանակներում, ո՛չ իշխանական, նրան չեն պատրաստվում որեւէ պաշտոն առաջարկել։

Հիշեցնենք, որ Արցախում Սահմանադրության փոփոխության հարցը նորից օրակարգ է մտել: Փետրվարի 13-ին Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ «ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության եւ դրա առանձնահատկությունների վերաբերյալ» նախագիծն ուղարկելով ԱԺ: ԱԺ-ն պետք է քննարկի եւ ընդունի փոփոխությունը` առանց հանրաքվեի, ձայների երկու երրորդով, որից հետո խորհրդարանը ֆորսմաժորային իրավիճակներում Արցախի նախագահ նշանակելու իրավունք կստանա:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում թափուր աշխատատեղեր կան, եւ ինչպես երեւում է, դրանք զբաղեցնել չի հաջողվում: Բանն այն է, որ Արտաքին գործերի նախարարության կողմից հայտարարվել էր մրցույթ թաքուր տեղերի համալրման նատակով, եւ փաստաթղթերի ներկայացման ժամկետները երկարացվել են, որպեսզի մարդիկ կարողանան դիմել, եւ հնարավոր լինի լրացնել թափուր հաստիքները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը թվով 16 հաստիքների մասին է, դրանց թվում կան 2-րդ քարտուղարի, կցորդների, 3-րդ քարտուղարի հաստիքներ: Հայտարարության մեջ նշված են նաեւ պաշտոնային դրույքաչափերը: 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող, առնված երկու օտար լեզվի գերազանց իմացությամբ 2-րդ կցորդի պաշտոնային դրույքաչափը կազմելու է 221 հազար դրամ, 3-րդ քարտուղարինը՝ 189 հազար դրամ, կցորդինն էլ՝ 163 հազար դրամ: Հասանելի է նաեւ հարցաշարը. բացի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերից, պետք է իմանալ, օրինակ, թե ում է Հայաստանում պատկանում իշխանությունը, ինչպես է այն իրականացվում, ով է իրականացնում նախարարության կառավարումը եւ այլն:

Արտաքին գործերի նախարարությունը մեկն է այն գերատեսչություններից, որտեղ թափուր հաստիքները շատ են, եւ ցանկացողներ չկան՝ պետական համակարգում եւ այս իշխանությունների հետ աշխատելու: Դա էլ հանգեցնում է մի իրավիճակի, երբ նախկին պաշտոնյաները նշանակվում են օգնականներ ու խորհրդականներ:

«Հրապարակ» թերթը գրում է.

Փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը երեկ ԱԺ են ներկայացրել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը։ Մանրամասն ներկայացրել են Սաֆարյանի թույլ տված առերեւույթ խախտումները, խոսքը Սահմանադրությամբ ամրագրված՝ անհամատեղելիության պահանջի խախտման մասին է։ Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել, զբաղվել փաստաբանությամբ։

ԱԺ նախագահի աշխատակազմից երեկ հայտնեցին, որ ստացել են միջնորդությունը եւ ըստ ընթացակարգի` այն ԱԺ-ում քննության կառնեն։ Իսկ ընթացակարգը հետեւյալն է․ ԱԺ նախագահի աշխատակազմը դիմումը փոխանցում է խմբակցություններին, ԱԺ հերթական նիստում խմբակցություններից մեկի առաջարկով դիմումը կարող է քննության առարկա դառնալ, իսկ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմել-չդիմելու որոշումը կայացվում է փակ-գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների 3/5-ի ձայներով։ ՔՊ-ից երեկ տեղեկացանք, որ «վերեւներից» դեռ հրահանգ չեն ստացել, թե ինչպես վարվել Սաֆարյանի վերաբերյալ դիմումի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Հայաստանում կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները 2022-ի հուլիսից, կառավարության որոշմամբ, հնարավորություն ստացան հետվճար (քեշբեք) ստանալ վճարային քարտերով կատարված գործարքներից։

Ծրագրին միացած բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները ՀՀ տարածքում վճարային քարտերով վճարելու դեպքում ամեն ամիս ստանում են հետվճար՝ նախորդ ամսում կատարած անկանխիկ գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 5 000 դրամը։ Կառավարությունը, որպես ծրագրի իրականացման արդյունք, նշել էր, որ ակնկալվում է՝ մինչեւ 2022-ի տարեվերջ ծրագրի փաստացի շահառու կդառնա եւ առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80%-ը։

Կես տարի անց, ակնկալված 80%-ի փոխարեն, հետճվարից օգտվում է քարտապան թոշակառուների 15%-ը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, #CivilNetCheck-ի հարցմանը ի պատասխան, հայտնում են, որ Հայաստանում կենսաթոշակառուների եւ նպաստառուների թիվը ներկայում շուրջ 585 հազար է, որոնցից 474 հազարը թոշակը (նպաստը) ստանում է անկանխիկ՝ բանկային քարտով։

Անկանխիկ եղանակով կատարված վճարումներից «քեշբեք» ստացող թոշակառուների եւ նպաստառուների թիվը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 67 հազար կամ քարտապան շահառուների 15%-ը (բոլոր թոշակ եւ նպաստ ստացողների 11%-ը). սա կառավարության մինչեւ տարեվերջ «անկնկալած» թվից ավելի քան 5 անգամ պակաս է։ Միջին հաշվով՝ թոշակառուներին ամսական վճարված հետվճարի չափը 2022-ի հուլիս-սեպտեմբերին կազմել է մոտ 2600-2900 դրամ, հոկտեմբեր-դեկտեմբերին՝ 3100-3400 դրամ, այսինքն՝ կառավարությունը հերթական անգամ չի կարողացել կատարել ծրագիրը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Մարտի 26-ին կայանալիք Սյունիքի մարզի Սիսիան եւ Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրությունների համար առաջադրումներն ավարտվել են: Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրվել են «Ազգ-համայնք» (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը եւ Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սիսիանում իրենց թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն է: Նշենք, որ վերջինս նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կնոջ եղբայրն է: Ավելին՝ վերջինիս հայրը՝ Աղասի Հակոբջանյանը նույնպես եղել է Սիսիան համայնքի ղեկավար՝ ԲՀԿ-ից: Անի համայնքում նույնպես ՔՊ թեկնածուն համայնքապետի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանն է: Հետաքրքիր է, սակայն, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը Սիսիանում նախորդ ընտրությունների ժամանակ 4 մանդատ էր ստացել, այս անգամ առհասարակ ընտրություններին չի մասնակցում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սիսիանում ՀՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորում է Էլցանցի տնօրեն Ջիվան Մարգարյանը, իսկ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակի առաջին համարը VTB բանկի Սիսիանի մասնաճյուղի կառավարիչ Ավագ Ասատրյանն է։

«Իրավունք» թերթը գրում է.

«Թուրքիայում փետրվարի 20-ին կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ` Անթաքիա քաղաքում: Ընդհանուր առմամբ` իրավիճակը շարունակում է լարված մնալ ամբողջ Թուրքիայում: Տեղի հայերից «Իրավունքին» փոխանցեցին, որ ամեն րոպե սպասում են նոր երկրաշարժի, ընդ որում` զգուշացրել են, որ կարող է այն ավելի ուժգին լինել:

Մարդիկ կտրոնով օգնություն են ստանում, որոնք բերվել են այլ երկրներից, չունեն ո՛չ ուտելիք, ո՛չ ապրելու օթեւան: Ուշագրավ է այն, որ որոշ հատվածներում ժողովրդին դուդուկ են բաժանել, որ երկրաշարժի դեպքում` փլատակների տակից կարողանան ձայն հանել, որպեսզի կարողանան գտնել»:

«Հրապարակ» թերթը գրում է.

Հաղթական ուղի անցած զինվորականների նկատմամբ քրեական հետապնդումները նոր թափ են ստանում։ Նախօրեին ձերբակալել են 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին։ Ձերբակալությունից 20 ժամ անց փաստաբանը տեղեկացրեց, որ թույլ չեն տվել՝ Խաչատուրովին ո՛չ դեղ, ո՛չ սնունդ փոխանցել։

Խաչատուրովների ընտանիքի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի «սերը» ծնունդ է առել հեղափոխությունից հետո, նախ գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցվեց, եւ նրան պաշտոնանկ արեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Սակայն Մարտի 1-ի գործը դատարանում փլվեց` ի ցույց դնելով գործի սնանկությունը: Հետո անհեթեթ մեղադրանքով կալանավորվեց, ապա ազատ արձակվեց Յուրի Խաչատուրովի կրտսեր որդին՝ Իգորը․ 2022-ին նրան մեղադրանք առաջադրվեց Դիմադրության շարժմանը մասնակցելիս իբր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Հիմա հերթը մյուս որդունն է՝ Գրիգորի Խաչատուրովինը, ով հմուտ, նվիրյալ զինվորական է, բայց աչքի է ընկել ըմբոստ կեցվածքով` Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջել։ 

2021-ի մարտին նա ասել էր. «Յուրաքանչյուր օր, ժամ Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը, եւ կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան»։ Սրանից ամիսներ անց ՊՆ-ն հրաժարվեց երկարացնել հարգված զինվորականի հետ պայմանագիրը, հիմա զավեշտական մեղադրանք են առաջադրում: 

Ինչո՞ւմ է մեղադրվում Գրիգորի Խաչատուրովը։

Ըստ դատախազության, քրեական հետապնդումը հարուցվել է «պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար»։ Խաչատուրովի գործն առնչվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթներից մեկին։ Գլխավոր դատախազի՝ խորհրդարան ներկայացրած միջնորդության համաձայն,  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ», խոսքն Արարատի մարզի Արմաշ գյուղում նախկին զորամասերի տարածքների օտարման մասին է։ Թեեւ այդ տարածքները, ըստ դատախազի, որպես զորամաս «անպիտան» են եղել, բայց համարում են, որ դրանցից մեկը գնել է Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ: Եվ դատախազությունը, միայն իրեն հասկանալի ապացույցներից ելնելով, որոշել է, որ գույքի իրական տերը Գրիգորի Խաչատուրովն է: Այս ենթադրության հիմքում նշված գյուղում չոբանությամբ զբաղվող մեկի ցուցմունքն է: Չոբանն ասել է, որ նախկին զորամասի տարածքի իրական տերը Խաչատուրովն է: Դատախազությունն էլ որոշել է, որ այս անպիտան հողը Խաչատուրովը նախ կադաստրայինից էժան գնով գնել է, ձեւակերպել ընկերոջ անունով, հետո երկու անգամ գրավադրել բանկում, վարկ ստացել, եւ սա գնահատել են որպես փողերի լվացում։

Մասնավորապես, ըստ միջնորդության՝ Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջեւ կնքվել է առքուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ Արմաշ համայնքի Երեւանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 հազար դրամ կադաստրային արժեքով հողը եւ դրա վրա առկա 8 մլն 895 հազար 600 դրամ կադաստրային արժեքով շինությունները 4 մլն դրամով «փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, սակայն գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ. այդկերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելությունը»: Նույնիսկ դատախազության միջնորդությունից երեւում է, որ գույքի սեփականատերն Էդգար Արշակյանն է, ով Գրիգորի Խաչատուրովի ուսանողական ընկերն է եւ իր ցուցմունքում ասել է, որ վերջինս իր համաձայնությամբ է իր սեփականություն հանդիսացող հողատարածքը գրավադրել բանկում, որի դիմաց մի անգամ 8 հազար դոլար վարկ է ստացել, մյուս անգամ բնակարան գնելու համար որպես վարկի ապահովման միջոց է գրավադրվել։ Իսկ ամենաուշագրավը` այս պահին այդ գույքն այլեւս գրավի առարկա չէ` պարտավորությունները մարված են:

«Հանցանքի» միակ «ապացույցը» վկա Վարուժան Մուրադյանի ցուցմունքն է, ով նախկին զորամասի տարածքում զբաղվել է անասնապահությամբ եւ դատախազությունում պատմել է, որ տարիներ առաջ լսելով, որ տվյալ տարածքը գնել է Գրիգորի Խաչատուրովը, դիմել է Վեդի քաղաքում գտնվող իր ծանոթ, այժմ հանգուցյալ Տիգրան Դարաբյանին, որ զրուցի Խաչատուրովի հետ, որպեսզի իրեն թույլատրեն բնակվել այդ տարածքում եւ զբաղվել անասնապահությամբ։

Հանգուցյալը, ըստ վկայի, իրեն ծանոթացրել է Խաչատուրովի վարորդի հետ, որի անունը նույնպես Գրիգոր է եղել, վարորդը վկային տեղեկացրել է, թե Խաչատուրովը տվել է իր համաձայնությունը։ 

Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը երեկ տարակուսանք հայտնեց, որ մեղադրանքի մեջ գույք ձեռք բերելու մասին է խոսքը, սակայն դա որակել են իբրեւ փողերի լվացում։ «Գործերը միացրել են իրար, մեղադրանքն առնչվում է փողերի լվացմանը, բայց կոնկրետ ԱԺ-ում հնչած միջնորդությամբ նշված դեպքի հանգամանքների հետ որեւէ առնչություն չունի, այսինքն` պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատճառված վնասի մասին է խոսքը, իսկ Խաչատուրովի դեպքում խոսքը գնում է այդ օտարված գույքերից մեկը ձեռք բերելու մասին, ինչը որակվել է որպես փողերի լվացում»,- ասաց նա: Նշենք, որ Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետը լրացել է, նրան չեն կարող անգամ պատժել, իսկ Խաչատուրովի նկատմամբ փողերի լվացում են դրել, որովհետեւ այս հոդվածն ավելի մեծ վաղեմություն ունի` 15 տարի, իսկ դեպքերը 14 տարի առաջ են տեղի ունեցել՝ նկատում է փաստաբանը։