ՏՄՊՊՀ նախագահը՝ ձվի և հավի մսի շուկաներում կատարված ուսումնասիրությունների մասին(տեսանյութ)

ՏՄՊՊՀ նախագահը՝ ձվի և հավի մսի շուկաներում կատարված ուսումնասիրությունների մասին(տեսանյութ)

Ձվի գինը իջել է և տնտեսական իրավիճակը չի ներկայացնում, ՏՄՊՊՀ-ում ձվի շուկայի հետ կապված վարույթ է քննվում

 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարել հավի մսի, ախտորոշիչ ծառայությունների, դեղերի որոշակի տեսակների և առևտրային ցանցերի ոլորտներում։ Այս մասին MediaHub-ին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նա ընդգծեց, որ շուրջ 100 վարույթ կա՝ covid թեստերի, Յանդեքսի և այլ ոլորտների հետ կապված։

«Հետաքրքիր զարգացումներ եղան հավի մսի շուկայի հետ կապված, մեր ուսումնասիրությունը չէր կարող կանխատել, որ աշխարհաքաղաքական վիճակն այսպիսինն է լինելու, բայց մենք, կարծես թե, պատրաստված դուրս եկանք․ ՀՀ-ում ներմուծված հավի միսը, որը գերակշռում է մեր տնտեսության մեջ, մեծամասամբ գալիս է Ուկրաինայի Հանրապետությունից, այս տարի մենք ուսումնասիրությունների արդյունքում քվոտա տվեցինք ոչ միայն ներմուծողներին, այլև արտադրողներին, որ կարողանան բալանսավորել իրենց արտադրությունը»,-ասաց նա։

Գեղամ Գևորգյանն ասաց, որ հավի մսի ներմուծման պարագայում աշխարհագրությունը գուցե փոխվի Բրազիլիա, ԱՄՆ, եթե այս ընթացքում վիճակը չկարգավորվի։

Անդրադառնալով ձվի գնի անկմանը՝ Գեղամ Գևորգյանն նշեց․

«Որ գինը իջել է և տնտեսական իրավիճակը չի ներկայացնում, ակնհայտ է՝ մենք դրա մասին հրապարկել ենք»,-ասաց նա։

Անդրադառնալով դիտարկամանը, որ ձվի շուկայի այս իրավիճակը կապում են նրա հետ, որ տնտեսավարողներից մեկը միտումնավոր ինքնարժեքից ցածր գնով է  վաճառում, այլ տնտեսավարողներին շուկայից դուրս թողնելու և հետագայում գերիշխող դիրք զբաղեցնելու համար, Գեղամ Գևորգյանն ասաց․

«Բայց այդ տնտեսվարող սուբյեկտը, ում մասին խոսքը գնում է, ինքը շատ փոքր մասանաբաժին ունի, չենք կարող մենք կարգավորել, պատկերացրեք մի իրավիճակ, որ չի կարողանում թանկ գնով վաճառել, ստիպված էժան է վաճառում։ Եթե այդ տնտեսվարող սուբյեկտը փոքր է, չի կարող մեր կառույցը ինտերվենցիա ունենալ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Գևորգյան