Որտե՞ղ է ավելի մատչելի անցկացնել ամառային հանգիստը՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Դուբայում կամ Եվրոպայում

Ամառային հանգիստը շատ սպասված է բոլորիս համար: Շատերը սիրում են շրջագայել և մեկնել արտերկիր՝ նոր երկրներ բացահայտելու, իսկ մյուսները նախընտրում են անցկացնել իրենց ամառային հանգիստը Հայաստանի տարածքում՝ հյուրանոցներում և հանգստյան տներում: Սակայն ո՞րն է ավելի մատչելի՝ ամռան շոգ օրերն անցկացնել Հայաստանո՞ւմ, թե՞ Եվրոպայում կամ հայերի սիրած Դուբայում։
MediaHub-ը կապ հաստատեց Հայաստանի տարբեր մարզերում տեղակայված հյուրանոցների հետ և ճշտեց, թե որքա՞ն կարժենա հանգիստը երկու անձի համար և, ըստ այդմ, ինչ չափի ճեղքվածք կտա ընտանեկան բյուջեն, եթե որոշում կայացնեք ամռան շոգ օրերն անցկացնել հայրենիքում:
Ավանդաբար, համեմատության մեջ պարզվեց, որ Հայաստանում հանգիստն այդքան էլ մատչելի չէ և չի զիջում արտասահմանյան շրջագայության վրա ծախսերի տեսանկյունից: Օրինակ՝ Ենոքավանի «Lastiver» հյուրանոցում 2 անձի համար 1-օրյա հանգիստը սկսվում է 55.000 դրամից և կարող է անգամ 105.000 դրամ արժենալ, ընդ որում այս գնի մեջ մտնում է միայն նախաճաշը։
Աղվերանում տեղակայված «Apricot» հյուրանոցը 2 հոգու համար մեկօրյա հանգիստն առաջարկում է 65.000 դր., այստեղ գոնե գինը ներառում է 3-անգամյա սնունդը:
Կան հյուրանոցներ, որոնք ավելի մատչելի գին են առաջարկում, օրինակ՝ Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրը 2 անձի համար 1 օրվա գին է սահմանել 34.000 դրամը, որի մեջ ներառված է նախաճաշը: «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը» 2 հոգու համար մեկօրյա հանգիստն առաջարկում է 32.000 դրամով՝ 3 ամգամյա սնունդով:
Սևանի «Հարսնաքար հյուրանոցային համալիր»-ում մեկօրյա հանգիստը երկու հոգու համար կարժենա 55.000 դրամ, գնի մեջ ներառված է նաև տարածքում գործող ջրաշխարհի տոմսն ու նախաճաշը:
«Արթուրս Աղվերան ռեզորթն» էլ առաջարկում է 2 անգամյա սնունդով մեկօրյա կացություն 40.000 դրամով: Նրա հարևանությամբ գործող «Best resort Aghveran» հյուրանոցը՝ 45.000 դր., որը ներառում է 2-անգամյա սնունդ։
Գանք զով Դիլիջան. «Թուֆենկյան Հին Դիլիջան հյուրանոցային համալիրը» 2 անձի համար առաջարկում էմեկօրյա կացություն 30.000-ից 65.000 դրամով, գինը ներառում է միայն նախաճաշ:
Այսպես, համեմատական անցկացնելով Հայաստանում և արտերկրում ամառային երկարաժամկետ հանգստի առաջարկների միջև հասկանալի է դառնում, որ երկրից դուրս հանգիստն ավելի մատչելի է:
Օրինակ՝ կարելի է գտնել Եգիպտոսում 11 գիշերվա համար տուր փաթեթից 200-300.000 դրամի սկսած, և այս գինը ներառում է ավիատոմս, կացություն հյուրանոցում ALL inclisive տարբերակով մեկ հոգու համար, այդ թվում և տեղափոխումը օդանավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ:
Կիպրոսում ամառային հանգստի 1 շաբաթը մեկ հոգու համար կարելի է կազմակերպել սկսած 258.000 դրամից՝ ավիատոմսը, հյուրանոցը, նախաճաշը փաթեթում ներառյալ։ Հայերի ամենասիրելի Դուբայում 1 շաբաթը մեկ անձի համար կարելի է կազմակերպել անգամ 134.000 դրամով, որը դարձյալ ներառում է ավիատոմս, հյուրանոց և նախաճաշ։
Ընտրությունը, ինչպես ասում են, ձերն է՝ մնալ հայրենիքում, թե մեկնել արտերկիր: Բյուջեի տեսանկյունից տարբերությունը հօգուտ Հայաստանի չէ:
Մարիաննա Արամյան