Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների օժանդակությամբ, կանի հնարավորը՝ քաղաքացիների խաղաղ կյանքն ապահովելու համար․ Արտակ Բեգլարյան

Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների օժանդակությամբ, կանի հնարավորը՝ քաղաքացիների խաղաղ կյանքն ապահովելու համար․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 2-ին, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի հետ միասին, այցելել է առաջնագծամերձ Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներ և հանդիպել բնակիչների հետ:

Պետական նախարարը անմիջական մթնոլորտում տեղեկացել է բնակիչների խնդիրների մասին, մանրամասնել պետական ծրագրերի կարևոր ուղղությունները՝ միտված հատկապես առաջնագծին մոտ գտնվող համայնքներում զբաղվածության խթանմանն ու դրանից ածանցվող համայքների զարգացման ծրագրերին: Արտակ Բեգլարյանը նշել է, որ նախատեսվում են դպրոցաշինության և ճանապարհաշինության պետական ծրագրեր, ինչպես նաև որոշ հատվածներում ջրամատակարարման խնդիրների լուծման և բնակիչների կյանքի որակի շարունակական բարձրացման համար անհրաժեշտ միջոցառումներ:

Պետական նախարարը բնակիչների հարցումներին ի պատասխան՝ անդրադարձել է Հանրապետության անվտանգային, ներքին և արտաքին օրակարգերին վերաբերող մի շարք հարցերի: Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ կառավարությունը, ռուս խաղաղապահ զորակազմի օժանդակությամբ, անում և անելու է հնարավորը՝ մեր քաղաքացիների խաղաղ ու անվտանգ կյանքի ապահովման համար: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է համազգային համախմբում և Արցախի բոլոր բնակիչների մասնակցությունը Հայրենիքի պաշտպանունակության շարունակական բարձրացման ուղղությամբ: