ՀՀ-ն տրանզիտ երկիր է եղել կոկաինը տեղափոխելու համար․ ՔՊ-ական պատգամավոր 

ՀՀ-ն տրանզիտ երկիր է եղել կոկաինը տեղափոխելու համար․ ՔՊ-ական պատգամավոր 

Չեմ կարող ասել, թե որ երկրների համար էր նախատեսված այդ թմրանյութը, որն առգրավվել է, բայց ենթադրում եմ, որ երրորդ երկիր պետք է հանվեր ու Հայաստանն ընդամենը տրանզիտ երկիր էր։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Էկվադորից Հայաստան կոկաին տեղափոխելու փորձերին։

Նրա խոսքով՝ վերջին ժամանակներում պետական կառավարման բոլոր օղակներում, որոնք ինչ-որ չափով պատասխանատու են թմրանյութի ապօրինի շրջանառությունը կանխելու համար, ակտիվ պայքար է գնում։

«Մենք նույնիսկ ԱԺ-ում գրեթե ամեն օր քննարկումներ ենք ունենում այս հարցում։ Հանձնաժողովներում եղած քննարկումները փակ են անցկացվում, բաց էլ են լինում, բոլոր գերատեսչություններին կանչել ենք, խնդիր դրել, որ միջոցներ ձեռնարկվեն։ Մենք այս դեպքով էլ մեր աջակցությունն ենք հայտնում մեր ԱԱԾ-ին։ Պետք է ասեմ, որ կարճ ժամանակում բավականին ակտիվացել է պայքարը, այն պետք է լինի անզիջում»,- նշեց Խաչատրյանը։

Նրա դիտարկմամբ՝ շուտով պայքարի ռազմավարությունն էլ կլինի, աշխատանքային քարտեզ կներկայացվի։ Սա, ըստ Խաչատրյանի, ամեն օր քննարկվող հարց է։

«Սպասում ենք այլ հայտնաբերությունների»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։