Առերեսումները ցույց են տվել, որ Արզումանյանի դեմ ցուցմունքներն անհիմն էին․ փաստաբան

Առերեսումները ցույց են տվել, որ Արզումանյանի դեմ ցուցմունքներն անհիմն էին․ փաստաբան

Մեկ բան պարզ է, որ այն, ինչ ներկայացվում է դատարան, այն, ինչ տեղի է ունենում դատարանում՝ դատական նիստի ընթացքում և այն քննարկումները, փաստերը, հակափաստարկները, դատավորի հարցերը, դրանց պատասխանները լսողը լրիվ այլ իրավիճակ է տեսնում, բայց հետո դրանց ամբողջությամբ հակասող որոշումներ ենք ստանում։

Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։ 

Երեմ Սարգսյանը հաստատեց, որ Արզումանյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է։ 

«Այս գործը փաստերով, հանգամանքներով և ապացույցներով չի լուծվում, այլ լուծվում է ըստ անհրաժեշտության, չեմ էլ բացառում, որ որոշակի ազդեցություններ կան։ Այս պահին ասել, որ տնային կալանքն ուղղակի անհնար է կիրառել, առնվազն անհասկանալի է, քանի որ որևէ ողջամիտ պատճառաբանություն չկա։ Տնային կալանքը մերժվել է, ինչը նշանակում է, որ այստեղ իրավունքի և փաստերի հետ գործ չունենք, այլ կոնկրետ՝ ցանկությունների և անհրաժեշտության»,-ասաց նա։ 

Հարցին, թե ի՞նչ ազդեցություն են ունեցել առերեսումները, վերջինս պատասխանեց․ 

«Այդ բոլոր առերեսումներով բացահայտվում են այնպիսի փաստեր, որոնք նախկինում այլ կերպ են ներկայացվել կամ ձեռք բերվել։ Օրինակ, եթե քննիչի մոտ առանձին ցուցմունք տալիս որևէ հանգամանք են հայտնել, առերեսման ժամանակ դրա վերաբերյալ հստակ հարցադրումների ընթացքում լրիվ պատկերը փոխվել է, և պարզ է դարձել նախկինում խոսքեր են հնչել՝ առանց հիմքերի: Երբ հիմա պահանջում ենք այդ հիմքերը, պատկերը փոխվում է և այդ ցուցմունքները զրոյանում են»։ 

Սարգսյանն այս փուլում հրաժարվեց անուններ տալ, թե կոնկրետ ովքեր են մասնակցել առերեսումներին, փաստաբանի խոսքով՝ դրան ավելի ուշ կանդրադառնա։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 30–ին հայտնի դարձավ, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ըստ ՔԿ-ի` քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Օգոստոսի 31–ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացավ և նա ազատ արձակվեց, սակայն միաժամանակ հայտնի դարձավ, որ Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Ավելի ուշ Արզումանյանը կալանավորվել էր։ Արցախի խորհրդարանի 24 պատգամավորներ, այդ թվում և ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դիմել էին ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությամբ և անձնական երաշխավորություն էին հայտնել։

Սակայն Արզումանյանը շարունակում է մնալ կալանքի տակ:

Լիաննա Թորոսյան