Արմեն Սմբատյանի ազատազրկումը Հայաստանի համար ռիսկեր է պարունակում․ Պուտինի հատուկ ներկայացուցիչ

Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը դիմել է Նիկոլ Փաշինյանին․
«Ձեզ հավանաբար հայտնի է, որ Երևանի առաջին ատյանի դատարանը հուլիսի 30-ին Արմեն Սմբատյանին կալանավորելու որոշում է ընդունել։ Երևանի դատական իշխանության այս քայլը չի կարող չառաջացնել լուրջ անհանգստություն, քանի որ միանգամայն ոչ իրավաչափ է։
Շվիդկոյը նշել է, որ Արմեն Սմբատյանի հետ իրեն կապում են ընկերական և մասնագիտական բազմամյա հարաբերությունները, նրա հետ համագործակցել է մի շարք ոլորտներում աշխատելու ժամանակ։
«Հատկապես այս ամենն է թույլ տալիս խոսել Արմեն Սմբատյանի մասին որպես իր հայրենիքին անվերապահորեն նվիրված մարդու։ Անվիճելի է նրա մեծ ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում, երբ նա Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր։ Նրա փայլուն կազմակերպչական որակները և ռազմավարական տեսլականի ունակություններն ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մարդասիրական նախաձեռնություններին հաղորդում էին այնպիսի մասշտաբ, որ ԱՊՀ բոլոր երկրներում դրանք դառնում էին հիշարժան իրողություն։
Հասկանալի է, որ օրենքի առջև բոլորն են հավասար։ Եվ հատկապես այդ պատճառով չեմ կասկածում, որ դատական գործընթացը լույս կսփռի այս գործի չպարզաբանված ասպեկտների վրա։ Արդյունքում Արմեն Սմբատյանը հնարավորություն կունենա վերականգնելու իր բարի անունն ու հեղինակությունը։ Մինչ դատաքննության ավարտն Արմեն Սմբատյանին ազատազրկելը երկրի հեղինակության համար լուրջ ռիսկեր է պարունակում միջազգային իրավունքի տեսակետից
Գիտեմ, որ Հայաստանում գործադիր և դատական իշխանությունները տարանջատված են։ Բայց վստահ եմ նաև, որ Դուք, մեծարգո Նիկոլ Վովայի, կարող եք նպաստել գործի օբյեկտիվ քննությանը բացառապես դատական կարգով»,- ընդգծել է Շվիդկոյը։