Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել AliExpress առցանց խանութի դեմ. մանրամասներ

Երեկ՝ մարտի 14-ին, Եվրահանձնաժողովը պաշտոնական հետաքննություն է սկսել AliExpress-ի նկատմամբ։ Կարգավորիչը ստուգում է չինական Alibaba կորպորացիային պատկանող շուկան:
Մասնավորապես, կազմակերպությունն ուսումնասիրում է այն պնդումները, որ հարթակում անչափահասներին հասանելի են եղել պոռնոգրաֆիկ նյութեր, այնտեղ վաճառվել են արգելված ու պոտենցիալ վտանգավոր ապրանքներ (օրինակ՝ կեղծ դեղեր և սնունդ) և այլն։
Սա արդեն երրորդ հետաքննությունն է, որը սկսվել է ԵՄ-ում թվային ծառայությունների ակտի (DSA) համաձայն, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել փետրվարի կեսերից։ Օրենքը կարգավորում է տեխնոլոգիական կորպորացիաները մի շարք ձևերով՝ ներառյալ ավելի հստակ կանոններ սահմանելով խոշոր թվային հարթակները պատասխանատվության ենթարկելու համար անօրինական կամ վնասակար բովանդակության դեմ համարժեք պայքար չկատարելու համար: Նախկինում TikTok-ի և X-ի դեմ հետաքննություն էր սկսվել նոր օրենքը խախտելու կասկածանքով։
Հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է AliExpress-ի կողմից DSA-ի հնարավոր խախտումները «ռիսկերի կառավարման և մեղմացման, բովանդակության վերահսկման և բողոքների ներքին մեխանիզմի, գովազդի և մոդերացիայի համակարգերի թափանցիկության, վաճառողի հետագծելիության և ստուգման տվյալների հասանելիության ոլորտներում»: AliExpress-ը հայտնել է, որ համագործակցում է կարգավորիչի հետ այս հետաքննության շրջանակներում և պարտավորվում է պահպանել DSA ստանդարտներն ու պահանջները: