Ադրբեջանը որտեղ ցանկանա, կանգնելու է, իր անցակետն է դնելու, Գեղարքունիքից որոշակի տարածքներ են զիջելու․ Հակոբ Ավետյան

Ադրբեջանը որտեղ ցանկանա, կանգնելու է, իր անցակետն է դնելու,  Գեղարքունիքից որոշակի տարածքներ են զիջելու․ Հակոբ Ավետյան

Սոթքի, Երասխի, Քարահունջի հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու նախագիծը փաստում է, որ Ադրբեջանի հետ կա պայմանավորվածություն, իրենք էլ իրենց հերթին են անցակետեր ստեղծելու։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի խոշորցաված Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Օգոստոսի 4-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց չէ, որ թույլ է տալիս` Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան, կապահովվի նաև իրենց անվտանգությունը։ Եթե երկու պետությունների միջև պայմանավորվածություն կա, բնական է, որ երկու կողմից էլ դրվելու է, շարժն էլ լինելու է, ինչը շատ ցավալի է։ Իրենք որտեղ հիմա կանգնած են, այնտեղ էլ անցակետ են դնելու․ իրենք հաշվում են` իրենց տարածքն է»,-ասաց նա։

Հակոբ Ավետյանի խոսքով՝ ակնահայտ է, որ որևէ սահմանազատաման և սահմանագծման գործընթաց չի լինելու։

«Թուրքերը որտեղ եկել կանգնել են, լինելու է իրենցը, որտեղ ուզեն կանգնեն, իրենցով են անելու, մեր կառավարությունը դրա դեմ որևէ պայքար չի տանում։ Տպավորություն է, որ նոյեմբերի 9-ից էլ պայմանավորված է, որ տարածքներ են տրվելու, իրականացնում են։ Սահմանազատման մասին էլ խոսում են ժողովրդի աչքերին թոզ փչելու համար է»,-ասաց նա։

Հակոբ Ավետյանն ասաց, որ Գեղարքունիքի մարզի հետ կապված սպասվող վտանգների մասին ինքը միշտ էլ բարձրաձայնել է։ «Ես մտավախություն ունեմ, որ մեզ մոտ էլ կրկին որոշակի տարածքներ տալու են»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել։ Նշվում է, որ որոշումը բխում է օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարականների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։

Ըստ այդմ` նախագծով առաջարկվում է ՀՀ պետական սահմանի անցման կետերը սահմանել հետևյալ կերպ` «հայ-ադրբեջանական պետական սահմանում՝ «Սոթք» («Քելբաջար»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Էյվազլի»)» հատվածներում։

Անի Գևորգյան