Արմինեի համար «Եռաբլուրը» ամենահարազատ վայրն է. այստեղ Լեռնիկի հետ է, մտքում՝ Ստեփանակերտում  

Արմինեի համար «Եռաբլուրը» ամենահարազատ վայրն է. այստեղ Լեռնիկի հետ է, մտքում՝ Ստեփանակերտում  

2022 թվականի հոկտեմբերի 14-ը Արմինեի կյանքի ամենաերջանիկ օրն էր։ Ամուսնանում էր սիրելիի՝ Լեռնիկի հետ։ 

Կես բառից իրար հասկացող ամուսինները համատեղ շատ երազանքներ ունեին, իսկ ամենաշատը՝ երեխաներ ունենալ։ Արմինեն պատմում է, որ Լեռնիկը՝ լուսանկարից մեզ ժպտացող ամուսինը, մեծ ընտանիքի մասին էր երազում, որի հոգսերը հոգալու համար գիշեր-ցերեկ աշխատում էր։ 
Ամուսնությունից 2  ամիս անց, Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Ստեղծված հումանիտար ճգնաժամը, սահմանային լարվածությունը անհանգստացնում, բայց չէր խանգարում, որ նորապսակ զույգը երջանիկ լիներ։ Դեռ ամուսնության մեկ տարին չէր լրացել, երբ տեղի ունեցավ հերթական ռազմական օպերացիան, որին մասնակից էր նաև Արմինեի զինվորական ամուսինը։ 

«Մեզ պատուհասած դժվարությունները միևնույն է հաղթահարում էինք, երջանիկ էինք, չէինք դադարում երազել։ Լեռնիկը դիրքերում էր։ Պատկերացրեք վիճակս, ինչ անհանգիստ էի, տեղս չէի գտնում։ Եկավ, ողջ-առողջ տուն վերադարձավ, իսկ ինձ ոչինչ պետք չէր։ Բայց, վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը փոշիացրեց և՛ երազանքներս, և՛ նաև ապրելու ցանկությունս։ Լեռնիկն էլ էր այդ անիծյալ վայրում։ Գնացել էր վառելիք բերելու, որ ժամ առաջ դուրս գանք։ Մահը արձանագրվեց Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում։ Մենք իրար այնքան շատ էինք սիրում ու հասկանում, որ հիմա, իր բացակայության դեպքում զգում եմ, որ մենակ չեմ, որ միշտ ինձ հետ է»,- MediaHub-ի հետ լացը կոկորդում խեղդելով պատմում է Արմինե Առուշանյանը։ 

Երեխա չեն հասցրել ունենալ։ Ճակատագիրը բարեհաճ չեղավ նաև այս հարցում։

«Հիմա, երբ սիրելիս կողքիս չէ, հարազատ քաղաքս չկա, սիրելի մարդիկ հեռու են, ամեն ինչ դարձել է անգույն ու անհրապույր»։

Արմինեի ոդիսականը Լեռնիկի կորստով չի ավարտվում։ Նույն օրը աղետի վայրում էր նաև եղբայրը՝ Հայկ Առուշանյանը։ Առ այսօր նրանից ոչ մի լուր չունեն, դատաբժշկական փորձաքննությունից առայժմ պատասխան չկա։  

«Ե ՛վ հրաշքի ենք սպասում, և՛ ամենավատ լուրին»,- ասում է մեր զրուցակիցը։  

Արցախը լքելու ճանապարհը հերթական փորձությունն էր։ Հայաստան տեղափոխեցին նաև ամուսնու դիակը։ Հիմա երիտասարդ կնոջ համար «Եռաբլուր» զինվորական պանթեոնը, թերևս, ամենահարազատ վայրն է, որտեղ Արմինեն կարող է ժամերով նստել, զրուցել ու ժպտալ Լեռնիկի հետ, մտքում միասին թռչելով իր երազանքների Ստեփանակերտ։

Հունան Թադևոսյան