Ի՞նչ անել, եթե մոպեդով խփում են մեքենայիդ ու «թռնում»

Ի՞նչ անել, եթե մոպեդով խփում են մեքենայիդ ու «թռնում»

Վերջին շրջանում վարորդներից բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ առաքման տարբեր ծառայություններ իրականացնող վարորդներն իրենց մոպեդներով վթարի են ենթարկվում, ավելի կոնկրետ՝ վթարային իրավիճակներ ստեղծում, խփում են մեքենային ու փախչում, և այդ ամենը մնում է անհետևանք։

Երեկ համացանցում ամենաակտիվ խմբերից մեկում՝ «Տուգանք»-ում, քաղաքացիներից մեկը ներկայացրել էր, թե ինչ խնդրի է բախվել, երբ մոպեդի վարորդը խփել է իր մեքենային ու փախել։

«Հնդիկ վարորդը մոպեդը վարելու ընթացքում հատել ա հոծ գիծն ու քաշել մեքենայի դիմացը՝ առանց մարգատի, վարորդը հնարավորինս արգելակել ա  ու փախցրել ա, բայց  հարված ա եղել դիմացի աջ շթի ներքևի հատվածում  ու իրա մոպեդի հետնամասին։ Մեքենայի վարորդը զանգել ա պարեկներին, ու երբ դրա մասին իմացել ա մեր հարգարժան հնդիկը, դիմել ա փախուստի։ Գործին ընթացք ա տրվել, բայց չի բացահայտվում մոպեդի վարորդի ինքնությունը (դեպքի ժամանակ միայն աչքերն ա բաց եղել)»,- ներկայացրել է վարորդը։

MediaHub-ը փորձեց հասկանալ, թե ի՞նչ պետք է անի վարորդը, երբ նման խնդրի է բախվում։

«Պետք է զանգի ոստիկանություն։ Այսինքն՝ իրենք գտնելու, նույնականացնելու խնդիր չունեն, պետք է դիմել ոստիկանություն։ Իսկ նշված դեպքով հնարավոր է առանձին հասկանանք՝ ինչ է եղել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ մոպեդներն, ըստ օրենքի, պետք է պարտադիր հաշվառնեն, սակայն, դեռևս նույնը չէ ապահովագրության հարցով։

Ապահովագրական ընկերություններից մեկը մեզ տեղեկացրեց, որ ԱՊՊԱ մասին օրենքով նախատեսված չէ մոպեդների պարտադիր ապ-ահովագրումը, սակայն փոփոխություններ նախատեսվում են։

Իսկ սա նշանակում է, որ մեր վարորդները պետք է շարունակեն շատ զգոն վարել, քանի որ ապահովագրված չեն մոպեդների անբարեխիղճ վարորդներից, ու դրանց հետ վթարի հետևանքով վերանորոգման ծախսից:

Նարե Գնունի