Ընդդիմադիր դաշտը պատրաստվում է, Նամակ-պահանջով 10մլն դրամի նվիրատվություն է կատարել. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական ընդդիմադիր դաշտը պատրաստվում է սեպտեմբերյան եռուզեռին: Ինչպես արդեն հայտնել ենք՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը պատրաստվում է աշնանը նոր թափով վերսկսելու հանրահավաքները եւ ակցիաները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկվել է, որ շարժման հիմնական մարտավարությունը լինելու է երիտասարդությանը եւ տարբեր ոլորտների կարկառուն ներկայացուցիչներին, այլ կերպ ասած՝ ազգի հիմնական շարժիչ ուժին գործողությունների մեջ ներգրավելը:
Հենց այդ նպատակով էլ Բագրատ Սրբազանը, մարզեր այցերին զուգահեռ, այս օրերին փակ հանդիպումներ է ունենում դասախոսների, մշակույթի եւ այլ ոլորտների տարբեր ներկայացուցիչների հետ, որպեսզի սեպտեմբերից շարժումը ավելի ընդլայնվի, եւ զուտ քաղաքական պայքարից դառնա համաժողովրդական: Դե իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների եւ փորձագետների հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Նշենք, որ սեպտեմբերից, հանրահավաքներին եւ ակցիաներին զուգահեռ, ԱԺ նիստերը նույնպես սկսվում են, եւ քաղաքական թեժ մթնոլորտը առաջիկայում ապահովված կլինի»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ քաղաքական ուժերի վերջին հանդիպումից 2 շաբաթ է անցել, սակայն, խոստման համաձայն, դեռ նոր հավաք չեն նախաձեռնել, որի ժամանակ պետք է ձեւավորեին շարժման համակարգող խորհրդին կից խորհրդատվական մարմին՝ քաղաքական խորհուրդ, որում ընդգրկված կլինեին շարժման աջակից քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները եւ իրենց խորհուրդներով կօժանդակեին շարժմանը։
Բանն այն է, որ 2 շաբաթ առաջվա հանդիպման ժամանակ որոշ գործիչներ ըմբոստացել են քաղաքական խորհրդի ձեւավորման առաջարկին, դժգոհել, որ շարժումը չունի հստակ տեսլական․ ի սկզբանե հայտարարել էր իմպիչմենթի մասին, սակայն կյանքի չկոչեց, ուստի պետք է սրբազանը փակագծերը բացի՝ որն է շարժման նպատակը, քայլերի ինչ հաջորդականությամբ է տեսնում իշխանափոխությունը: Ասել են, որ երբ առաջնորդը ներկայացնի քաղաքական հստակ պլատֆորմ, այն ժամանակ էլ քաղաքական ուժերը պատասխանատվություն կստանձնեն՝ թեկուզ խորհրդատվական կարգով շարժման որոշումներին մասնակցելու համար։
Մեզ ասացին, որ արդեն շաբաթը լրացել է, սակայն շարժման համակարգողները դեռ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին նոր հանդիպման չեն հրավիրել։ Տեղեկություններ կան, որ շարժումը հնարավոր է թայմաութ է վերցնում, գուցե առաջիկա շաբաթներին բավարարվեն միայն մարզային այցերով եւ Սուրբ Աննա եկեղեցու բակում մինի հավաքներով։ Իսկ ավելի ակտիվ պրոցես սկսեն արդեն աշնան շեմին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սարգիս Թարվերդյանը երեկ՝ հուլիսի 18-ին, վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10 մլն դրամի նվիրատվություն է արել հիմնադրամին: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ «Իմ քայլը» հիմնադրամից՝ հավելելով, որ փոխանցումը արվել է ոչ թե ընկերության, այլ անձամբ գործարարի անունից: Իր հերթին էլ, Սարգիս Թարվերդյանն ասաց, թե սրտանց է դա արել. «Երբ մարդ բարեգործություն է անում, իր խղճի, իր Աստծո համար է անում՝ իր ազգին ու երկրին օգուտ տալու համար»։ Հարցին՝ վարչապետի տիկնոջ հիմնադրամից ուղարկված նամակի պահանջո՞վ է գումարը փոխանցել, Թարվերդյանը արձագանքեց. «Եկեք՝ չպատասխանեմ. եթե ուղարկում են, լավ են անում, ստանում ենք՝ լավ ենք անում: Դա իմ սահմանադրական իրավունքն է, ստանալ նամակ, ինչ-որ բան անել: Դա իմ իրավունքն է, ես, ի սրտե, ուրախ եմ, որ օգտակար եմ եղել ինչ-որ բանով»: Հավելենք, որ Շրի Լանկայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանը «Արարատ» սննդի կոմբինատի 65 % բաժնետոմսերի սեփականատերն է եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության խորհրդի անդամը»: