ՀՀ-ում իշխանափոխությունը չի բխում Անկարայի և Բաքվի շահերից

ՀՀ-ում իշխանափոխությունը չի բխում Անկարայի և Բաքվի շահերից

Երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացման պայմանավորվածությունը շատ կարևոր քայլ է: Այդ մասին հայտարարել է  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Գործող իշխանությունները ցանկացած գնով ուզում են բացել հայ-թուրքական սահմանը, որպեսզի դա ՀՀ քաղաքացիներին ներկայացնեն, որպես ապագա «տնտեսական հրաշքների» հիմք: Իրականում հայ-թուրքական բաց սահմաններից օգտվելու են ՔՊ-ի մերձավոր բիզնեսմենները:

ՀՀ շարքային քաղաքացիները, ովքեր ապրում են չնչին աշխատավարձով, ինչ օգուտներ կարող են ունենալ հայ-թուրքական բաց սահմանից՝ նրանք ոչ մի ապրանք ի վիճակի չեն լինելու ոչ ներկրել, ոչ արտահանել՝ չունենալով դրա համար ֆինանսական միջոցներ: ՀՀ մի շարք «օլիգարխներ» թուրքական էժան ապրանքներ են ներկրելու և մի քանի անգամ ավելի թանկ գնով վաճառելու են ՀՀ աղքատ, բայց հպարտ քաղաքացիներին:

Երրորդ երկրների քաղաքացիները հավանաբար ադրբեջանցիներն են, այսինքն, ըստ Մարուքյանի, շատ կարևոր է սահմանները բացել ադրբեջանցիների առջև, որպեսզի վերջիններս Հայաստանի տարածքով միանան իրենց «ավագ եղբոր» Թուրքիայի հետ: ՔՊ-ական իշխանությունները ՀՀ քաղաքացիներին ոչ մի կերպ չեն կարողանում «համոզել», որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացումը կբարելավվի վերջիններիս կյանքն ու Հայաստանը կդարձնեն տնտեսական առումով Շվեյցարիա:

ՀՀ գործող իշխանություններն ու թուրք-ադրբեջանական տանդեմն ունեն կարծես թե միևնույն շահերը՝ ՀՀ քաղաքացիների, հայկական պետական, ազգային շահերն ոչ մի կերպ չեն հատվում ՔՊ-ի նեղկուսակցական շահերի հետ:

ՀՀ-ում իշխանափոխությունը բխում է հայ ազգի, Արցախի և Հայաստանի շահերից և չի բխում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից, քանի որ պետականամետ, ազգային ուժերի իշխանության գալու պարագայում Մեծ Թուրան կառուցելու ռազմավարությունը խաթարվելու է:

Վահրամ Բագրատյան