Աբսուրդ է․ բանակցությունները խաղաղության մասին են, բայց Ադրբեջանը կրակում է ու զինվոր սպանում․ Հարությունյան

Աբսուրդ է․ բանակցությունները խաղաղության մասին են, բայց Ադրբեջանը կրակում է ու զինվոր սպանում․ Հարությունյան

Սպասելիքներ միշտ ունենք, բարձր մակարդակով հանդիպում է և այս փուլում կարևոր է ընդհանուր կետեր գտնելը։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ խոսելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի,  ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին։

«Ադրբեջանը Արցախում իրավիճակը լարում է, սահմաններում հանգիստ չէ, 4 զոհ ենք ունեցել, կարծում եմ՝ սա Ադրբեջանի կողմից ճնշումների, սպառնալիքների ներքո բանակցություններ վարելու արդեն վաղուց որդեգրած քաղաքականության շարունակություն է, որը իրականում, դժվար է պատկերացնել, որ նման պտուղներ կտա, որովհետև, աբսուրդի ժանրից է, երբ բանակցությունները խաղաղության մասին են, բայց Ադրբեջանը կրակում է ու զինվոր սպանում»,-ասաց նա։

Ճշտող հարցին՝ ինչու է Ադրբեջանն այս ձեռագիրն ընտրել, երբ բանակցություններին զուգահեռ դիմում է սադրանքների, վերջինս պատասխանեց․

«Առաջին անգամը չէ, գրեթե բոլոր հանդիպումներն են այսպես ուղեկցվում, որպեսզի ինքը կարողանա ավելի ուժեղ դիրքից խոսել և Հայաստանին ավելի զիջողական դիրքից տեսնել: Քանի որ դեռ որևէ հայտարարություն չի եղել բուն բանակցություններից, բավականին դժվար է կռահել, թե ադրբեջանական կողմն «իր ուզածին» հասել է, թե ոչ»,-նշեց Հարությունյանը։

Հարությունյանից հետաքրքրվեցինք նաև, թե որքանով է իրատեսական համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից տարածվող Արցախի վերաբերյալ հայտարությունները, վերջինս արձագանքեց, որ ոչինչ ասել չի կարող, քանի աղբյուրը հստակ չէ։ 

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների պատշաճ հասցեագրման կարևորությունը: Անդրադառնալով ԼՂ-ում Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությանը, որի արդյունքում այսօր ԼՂ ՊԲ-ն ունեցել է չորս զոհ՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ նման գործողությունները միտված են խաթարել բանակցային գործընթացին ուղղված ջանքերը և ընդգծել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման հրամայականը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ այդ գործողությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր խափանումներին զուգահեռ, ինչը միտված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելուն: 

Լիաննա Թորոսյան