Արցախի նորանշանակ ԱԳ նախարարը կպաշտոնավարի Երևանից

Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում Դավիթ Բաբայանի փոխարեն նշանակվել է Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։
MediaHub-ը տեղեկացավ, որ նա պաշտոնը ստանձնում է Երևանում և քանի դեռ Լաչինի միջանցքը փակ է, պաշտոնավարելու է Հայաստանի մայրաքաղաքից։ Սա, ի դեպ, դեկտեմբերի 12-ից հետո սովորական դարձած պրակտիկա է. Արցախի արդեն նախկին ԱԳ նախարարը, Մարդու իրավունքների պաշտպանը, պետնախարարի խորհրդականը ևս Երևանից են իրենց գործունեությունը ծավալում, քանի որ չէին կարողացել վերադառնալ Արցախ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սերգեյ Ղազարյանի նշանակումը Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի կոմպրոմիսի արդյունքում է եղել։ Թե ինչ քաղաքականություն է վարելու, ինչպես է պատկերացնում Արցախի ապագան ու բանակցային գործընթացները, Ղազարյանը կներկայացնի մոտ օրերս․ այս պահին ասուլիսի է պատրաստվում։
Նարե Գնունի