Մայրը որդու կարոտն առնում է գերեզմանից բերված այն մի բուռ հողից, որը համբուրում է ամեն օր

«Տեղահանվելու ժամանակ իմ անձնական իրերի փոխարեն բերել եմ Արոյիս շորերն ու իր գերեզմանից մի բուռ հող։ Իրենից բացի ոչ ոք չունեմ, իմ առաջնեկն ու միակն էր, որ կյանքը զոհեց այն Արցախի համար, որը հիմա օկուպացրել է թշնամին»... Սևիլա Սարգսյանը Մարտունուց տեղահանվել ու եղբոր մեծ ընտանիքի հետ վարձակալությամբ ապրում է Մասիս քաղաքում։
Նրա 35-ամյա որդուն՝ Արայիկ Աղավելյանին, միայնակ է մեծացրել։ Նա դեռ ծնված չի եղել, որ բաժանվել է ամուսնուց։ Այդպես, ամբողջ կյանքը Սևիլան նվիրել է որդուն, մեծացրել, նրա հետ կապված երազանքներ փայփայել։
«Պատերազմը խլեց որդուս։ Երբ լսեցի զոհվելու լուրը, արդեն զինադադար էր։ Այդ պահին կյանքս կորցրեց ապրելու իմաստը, ուզում էի ես էլ մեռնեի, որ չտեսնեի որդուս դագաղը»,- ասում է միակ որդուն կորցրած մայրը։
Արայիկ Աղավելյանը մոր հետ ապրում էր Մարտունիում։ Չէր հասցրել ամուսնանալ, քանի որ մշտապես ծառայության մեջ էր։ Ժամկետային պարտադիր ծառայությունից հետո՝ պայմանագրային հիմունքներով շարունակել է մնալ պաշտպանության բանակում։
«Մասնակցել է և՛ քառօրյա, և 44-օրյա պատերազմներին, այդ ժամանակ փրկվել է, Աստված պահել է նրան։ Բայց 2023-ին քանի-քանի ընտանիքներ որբացան, քանի տուն քանդվեց»,- արտասվում է մեր զրուցակիցը։
Ասում է, որ մայրը չի կարող որդուն բնութագրել այնպես, ինչպիսին նա կա. «Չեմ ուզում սխալ ընկալվեմ։ Բայց այնպիսի տղա եմ կորցրել, որ սիրտն ուզեիր, կտար, սրտաբաց էր։ Առանձնահատուկ հարգանք ուներ իրենից մեծերի ու փոքրերի նկատմամբ»։
Արոն Մուշկապատ գյուղի հարակից դիրքերում էր, թեժ մարտ են վարել։ Սակայն, սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը զոհվել է հերոսի մահով։ «Ինքը «պուշկա»-յի վրա էր։ Անդադար կռիվ են տվել, բայց թշնամին բացահայտել է նրանց տեղն ու հարվածել այդ ուղղությամբ։ Հաջորդ օրը, երբ փորձում էինք լուր իմանալ, Մուշկապատից քույրս է զանգահարել եղբորս, ասել, թե «Սևիլայի մոտ ես, դուրս արի, բան եմ ասում», այդպես մեզ հայտնի դարձավ Արայիկի զոհվելու լուրը»։
Սեպտեմբերի 23-ին բռնի տեղահանության մասին դեռ շշուկներ էին շրջանառվում։ Ոչ ոք հստակ չգիտեր, թե ի՞նչ է որոշվելու մեկ ժամ հետո, և դա էր պատճառը, որ Արայիկը ևս ամփոփվեց Մարտունիում։ Որդուն կորցրած մայրն ավելացնում է՝ գոնե գերեզմանն այստեղ լիներ, որ կարոտն առներ։ Սևիլան Արայիկի կարոտն առնում է նրա հագուստից ու գերեզմանից բերված այն մի բուռ հողից, որը համբուրում է ամեն օր...
Հունան Թադևոսյան