Իսրայելը լայնամասշտաբ ցամաքային գործողություն է նախապատրաստում Գազայում

Իսրայելը լայնամասշտաբ ցամաքային գործողություն է նախապատրաստում Գազայում

Իսրայելի իշխանությունները ծրագրում են խոշոր ցամաքային հարձակում Գազայի հատվածում, հայտնել է «The Wall Street Journal»-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ նրանց՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ տարածքի մի մասի գրավումն ու պահումը թույլ կտա պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը վերջնականապես ջախջախել։

Նեթանյահուն և նրա մի խումբ օգնականներ, որոնք նշանակվել են վերջին ամիսներին, համոզված են, որ ՀԱՄԱՍ-ը նախ պետք է ջախջախել մարտի դաշտում, իսկ հետո «Գազայի ճակատագրի ցանկացած քաղաքական լուծում կարելի է առաջ տանել»։

Մինչ այժմ Իսրայելի ՊՆ-ն այն կարծիքին էր, որ ՀԱՄԱՍ-ը կարող է ռազմական ճանապարհով թուլանալ, սակայն նրա ազդեցությանը վերջ դնելու համար անհրաժեշտ էր հասնել Գազայում նոր կառավարության ձևավորմանը։

Բենիամին Նեթանյահուն և նրա նոր թիմը, ներառյալ պաշտպանության նախարար Իսրայել Կացը, կարծում են, որ անցյալ տարի Լիբանանում «Հըզբոլլահի» ռազմական պարտությունը և  ԱՄՆ-ի՝ ՀԱՄԱՍ-ի դեմ վերսկսված հարձակմանն աջակցելու պատրաստակամությունը նրանց ավելի մեծ ազատություն է տալիս, նշել են WSJ-ի աղբյուրները:

Հրատարակությունը գրել է, որ իշխանությունների ծրագրերը կարող են հակասություններ առաջացնել իսրայելցիների շրջանում. հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ աջ ընտրողները, ցանկանում են, որ կռիվները դադարեցվեն որպես պատանդների վերադարձը երաշխավորող համաձայնագրի մաս։

Մարտի 18-ի գիշերը Իսրայելը երկամսյա հրադադարից հետո վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։ Մարտի 20-ին Իսրայելի բանակը սկսել է ցամաքային գործողություն։ Նեթանյահուի խորհրդականն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցություն է խոստացել Իսրայելին: