Քննչականը Ալեն Սիմոնյանի հարսին տարավ կալանավորման, իսկ նախկին փոխնախարարի համար տնային կալանք է պահանջում

Քննչականը Ալեն Սիմոնյանի հարսին տարավ կալանավորման, իսկ նախկին փոխնախարարի համար տնային կալանք է պահանջում

Այսօր Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, երկամսյա կալանքի ուղարկեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը, որը, որպես «Սիներջի» ընկերության նախկին աշխատակից, մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու մեջ: Անի Գևորգյանի հետ միասին երեկ ձերբակալվել են նաև այդ նույն ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, որը ևս այսօր կալանավորվել է, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնյաներ, այդ թվում երեկ մինչև ձերբակալելը պաշտոնանկ եղած փոխնախարար Անի Իսպիրյանն ու նախարարության այլ մանր ու միջին չինովնիկներ:

Ուշագրավ է, որ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեի քննիչը ԱԺ նախագահի եղբոր կնոջ նկատմամբ միանգամից ամենախիստ սանկցիայի կալանավորման միջնորդությամբ է մտել դատարան, թեև կարող էր այլ, համեմատաբար ավելի մեղմ խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնել, օրինակ տնային կալանք: Բայց նա ընտրել է հենց կալանավորումը, դատավոր Մերի Մոսինյանն էլ, որն, ի դեպ, ԱԺ նախկին աշխատակից էր մինչև 2022 թվականը, բավարարել է այդ միջնորդությունը: Ու չնայած Անի Գևորգյանի մասով կային մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ, այդ թվում այն, որ նրա խնամքին կա երկու անչափահաս երեխա, բայց թե' քննիչը, թե' դատավորը այս հանգամանքը հաշվի չեն առել:

Բայց առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Mediahub-ի տեղեկություններով, այդ նույն Քննչական կոմիտեի քննիչը արդեն նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի մասով ավելի մեղմ խափանման միջոցի միջնորդություն է ներկայացրել տնային կալանք: Միջնորդության քննության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը առավոտյան, ժամը 11:00-ին: 

Եւ սա այն դեպքում, երբ Անի Գևորգյանը, ըստ մեղադրանքի, այս գործում մեղադրվում է զուտ որպես պաշտոնական դիրքի չարաշահմանն առերևույթ օժանդակած անձ, իսկ նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, նախնական տպավորությամբ, այս գործում հենց գլխավոր դերակատարն է կամ դերակատարներից մեկը: Ու նրա նկատմամբ Քննչական կոմիտեն տնային կալանք է պահանջում դատարանից, իսկ Ալեն Սիմոնյանի հարսի նկատմամբ կալանավորում: 

Երկու Անիների միջև այս տարբերակված մոտեցումը, թերևս, նաև որոշակի քաղաքական ենթատեքստ ունի: Հնարավոր է Արգիշտի Քյարամյանը, չի բացառվում քաղաքական որոշակի շրջանակների դրդմամբ նաև, սրանով ինչ-որ խնդիր է լուծում Ալեն Սիմոնյանի դեմ, որովհետև այս գործը հնչեղություն ստացավ առավելապես հենց այդ հանգամանքով պայմանավորված, որ գործով անցնող անձանցից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է: Իսկ Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ամենակարկառուն, տեղ-տեղ ամենասկանդալային և ամենաքննարկվող  ու քննադատվող ներկայացուցիչներից մեկն է, որի վրա թիմում շատերը ատամ ունեն։ Ասում են հոգու խորքում Փաշինյանը նույնպես, թեպետ տեսախցիկների առջև փորձում են ամեն ինչ այլ կերպ ներկայացնել:

Վահե Մակարյան