Բա եթե աշխատել գիտեք, աշխատե՛ք կամ՝ ևս մեկ փոս, որ Երևանի քաղաքապետարանում դեռ չեն նկատել

Անցած երկուշաբթի օրվա Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը ճակատագրական նշանակություն ունեցավ երևանյան վարորդների համար:
Զուտ այն պատճառով, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, որն արդեն իրեն քաղաքապետ է զգում, վերջապես ջղայնացավ, վերջապես բարձր աշխատավարձ ստացող չինովնիկներին պարտադրեց աշխատել ու վերհանեց ամիսներով մարդկանց հուզող խնդիրը: Եվ մեկ շաբաթ անց, այսինքն այսօր, արձանագրեց, որ եթե խնդիրը կարելի էր լուծել ընդամենը մեկ շաբաթում, ապա ինչո՞ւ էին ամիսներով դրա մասին ուղղակի խոսում: Ասել է թե՝ Երևանի քաղաքապետարանում էլ հասկացան, որ խոսելով չէ, գործ անել է պետք ընդամենը:
Խոսքը փոսալցման մասին է: Եվ իրոք՝ անցած մեկ շաբաթվա ընթացքում երևանյան այնպիսի փոսեր լցվեցին, որոնց մեջ ընկնելիս վարորդներն արդեն չէին նյարդայնանում՝ այնքան հին էին դրանք ու հարազատ դարձած: Այսօր Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ ամբողջ քաղաքում նախորդ շաբաթ փոսալցման աշխատանքներ են իրականացվել, մնացել է մոտ 600 քառակուսի մետր փոսալցման աշխատանքներ։
Ավինյանն արձագանքեց, որ տրամադրվածության պայմաններում ամեն ինչ էլ հնարավոր է։
«Չնայած, նախորդ շաբաթ երեք օր անձրև է եկել, բայց փոսալցման աշխատանքները կարելի է բավարար գնահատել, չնայած, որոշ որակական և տեղ-տեղ նաև ոչ ամբողջական աշխատանքներին, բայց եթե այս ամենը հնարավոր էր անել մեկ շաբաթում, էդ նշանակում ա, որ մենք մեկ ամիս պետք ա սրա մասին չխոսեինք»,-ասաց նա։
Այդուհանդերձ, այնպիսի փոսեր են դեռ մնացել, որոնց գոյությունն ինքնին հարցեր է առաջ քաշում: Օրինակ, Դավիթաշենի կամրջից դեպի Հալաբյան ու Աշխատակի խճուղի տանող հատվածում և՛ մեծ փոս կա, և՛ ջրատարն է բաց: Ընդ որում, մի քանի ամիս է արդեն այս վիճակը, ու այնքան վատ հատվածում է, որ բոլոր մեքենաները, որոնք դեռ չեն սովորել այդ փոսին, մեջն ընկնում են ու վնասվում:
Հարց է առաջանում. Երևանի քաղաքապետարանի որևէ աշխատակից, կամ Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակից այս հատվածով չի՞ անցել վերջին ամիսներին, չի՞ տեսել այս փոսը:
Հուսանք, MediaHub-ի մատնացույց անելուց հետո, մեկ շաբաթ անց կֆիքսենք ու վարորդներին աչքալուսանք կտանք, որ չարաբաստիկ փոսն էլ նկատվեց ու այլևս չկա: