Խորհրդարանի պաշարում կլինի՞, Երեւանի նախկին քաղաքապետը հասել է դատարան. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հանրապետությունում քաղաքացիները, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, «Տավուշը հանուն հայրենիքի» ակցիայի ամենօրյա պայքարի մեջ են, քննարկվում է մեր երկրի վաղվա գոյության հարցը, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի շենք մտնելու հարցն է դատարանում վիճարկում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 13-ին Երեւանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին եւ ներքին գործերի նախարարությանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ Հայկ Մարությանը պահանջում է, որ դատարանը 09.10.2023 թ. թիվ 3179-Ա, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ ԿՕ եւ ՀՁՊ գնդի 09.10.2023 թ. թիվ 63-Ա համատեղ հրամաններն անվավեր ճանաչի եւ հայցվորի՝ Երեւանի քաղաքապետարան մուտք գործելու արգելանքը վերացնի:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ, որոնք դեմ էին տրանսպորտը թանկացնելուն։ Նրանց թվում էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որին թույլ չէին տվել մուտք գործել շենք: Գործը մակագրվել է դատավոր Հերմինե Մուրադյանին»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական պատգամավորներն աղոթում են, որ մինչ այդ շարժումն իսկապես մարի, ինչպես իրենք են ամեն օր հայտարարում` աղոթքի նման։ ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ սրբազանն այդ օրերին կարող է մարդկանց խորհրդարանի շենքը պաշարելու կոչ անել, եւ եթե հնարավոր լինի ապահովել մեծ բազմություն, ապա իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին։
Ի դեպ, նախօրեին, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Սարգսյանը եւ Գառնիկ Դանիելյանը որոշել են սրբազանին խորհրդարան հրավիրել եւ անցագիր են իջեցրել, ԱԺ-ում ներկա ՔՊ-ական պատգամավորների շրջանում իսկական խառնաշփոթ ու աժիոտաժ է սկսվել: Մտածել են, որ սրբազանը կշրջի շենքում` ինչ անել, որ հանկարծ չհանդիպեն նրան։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանում՝ Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է։
ՀՀ Հակակառուպցիոն դատարանը վերջինիս արդեն երրորդ անգամ է հրավիրում հարցաքննության՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում: Նշենք, որ այդ գործը քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։
Հիշեցնենք` 2022 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն ԱՄՆ, ըստ մեր աղբյուրների, տապալվել է: Նա, մեղմ ասած, անհարմար իրավիճակում է հայտնվել՝ ԱՄՆ հայ համայնքն ուղղակի բոյկոտել է եւ հրաժարվել է մասնակցել նրա հետ նախատեսվող հանդիպումներին: Համայնքի հետ հարաբերություններն այդպես էլ չկարգավորած դեսպան Լիլիթ Մակունցը ոչինչ անել չի կարողացել՝ փաստացի ձախողել է այցի նախապատրաստական աշխատանքը: Մեր տեղեկություններով, իրավիճակն այնքան ամոթալի է եղել, որ ամերիկահայ համայնքի հետ սկսել են բանակցել ԱՄՆ պետքարտուղարությունից:
Արդյունքում հաջողվել է կազմակերպել ԱՄՆ-ում Հայոց արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ու Գլենդելի հայազգի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ Խաչատուրյանի հանդիպումը: Իսկ իշխանությունների նկատմամբ քիչ թե շատ լոյալ տրամադրված ամերիկահայերի մի փոքր խմբի հետ նա կարողացել է հանդիպել միայն հյուրանոցում, որտեղ իջեւանել է: Բոյկոտն այնքան տոտալ է եղել, որ նա անգամ հյուրանոցից դուրս գալու հնարավորություն չի ունեցել:
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարները եւս փաստում են, որ Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների, Կաթոլիկ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի, Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամների ու Ռամկավար ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետի հետ հանդիպումներն անցել են նույն վայրում: Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին: