Գյումրու 41 դպրոցում դրամահավաքի դեպք է բացահայտվել․ գումար են հավաքել ծնողներից

Գյումրու 41 դպրոցում դրամահավաքի դեպք է բացահայտվել․ գումար են հավաքել ծնողներից

Երեկ՝ ապրիլի 12-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Պ․ Մարգարյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Գյումրու հիմնական դպրոցներից մեկի տարրական դասարանների աշակերտներից յուրաքանչյուրից հավաքվում է սննդի գումար, մինչ դեռ պետությունը պետական ծրագրի շրջանակում դպրոցներին հատկացնում է անվճար սնունդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված տեղեկությունները պարզվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում, որտեղ էլ պարզվում է, որ տեղեկությունը հավաստի է։

Ըստ այդմ նշված դպրոցի տարրական դասարանների աշակերտների ծնողներից յուրաքանչյուրից ամսվա ընթացքում ծնողական կոմիտեի ներկայացուցիչների կողմից հավաքվել ընդհանուր մոտ 110 հազար դրամի չափով գումար։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված փաստը հաստատել են նաև այդ դպրոցի ծնողական կոմիտեի կազմակերպիչներ Տաթև Կ․-ն, Սոնա Դ․-ն և Քրիստինե Թ․-ն, իսկ դպրոցի տնօրեն Հայաստան Հ․-ն հայտնել է, որ նշված գումարը յուրաքանչյուր ամիս ծնողական կոմիտեի կազմակերպիչների կողմից հավաքվել է ծնողներից, որից հետո ողջ գումարը ստորագրությամբ հանձնվել է դպրոցի ճաշարանի պատասխանատու, ժողովրդի լեզվով ասած «շեվ խոհարար» Ժաննա Պ․-ին, ով էլ գումարը տնօրինել է սեփական նախաձեռնությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ որոշվելու է քրեական վարույթ նախաձեռնվելու է,  թե՝ ոչ։

Գ․ Շամշյանի տեղեկութուններով՝ խոսքը Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի մասին է։