Ի՞նչ պայմանով է Շահրամանյանը ստորագրել Արցախի «լուծարման» հրամանագիրը․ Արթուր Վանեցյանը փակագծեր է բացում

Խաղաության պայմանագիր, թե համաձայնագիր․ նախ պետք է կողմնորոշվել, թե այդ փաստաթուղթն ինչ է, քանի որ բառախաղ չենք խաղում: Նախքան վերջին երկու կետերի համաձայնեցումը պայմանագրի մասին էին խոսում, իսկ կետերի համաձայնեցումից հետո ինչ-որ հրաշքով այն դարձավ համաձայնագիր։ Այդ մասին 24news.am-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության փաստաթղթին։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը, եթե ստորագրվի էլ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի կողմից, որևէ իրավական ուժ չի ունենալու։
«Եթե ստորագրվում է պայմանագիր, այդ փաստաթուղթը պարտադիր մտնում է երկու պետությունների ՍԴ, որից հետո այն մտնում է երկու երկրների խորհրդարան՝ հաստատման, որից հետո այն կունենա իրավական ուժ։ Իսկ համաձայնագիրը թղթի կտոր է, որը ցանկացած պահի կարող են շպրտել մի կողմ»,- նշեց նա։
Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ այս խաղաղության փաստաթղթի նպատակը 2026 թվականի ընտրություններին ՔՊ-ի օգտին ձայներ կորզելն է։
«Այս իշխանությունները բոլոր ոլորտները ձախողել են, բոլոր՝ ֆուտբոլից մինչև արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, անվտանգություն, սոցիալական։ Եթե մեկը կգտնվի, որ ինձ կապացուցի, Նիկոլ Փաշինյանի թիմը ինչ-որ հաջողություն ունեցել է այս յոթ տարիների կառավարման ժամանակ, ես ներողություն կխնդրեմ։ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի 2026-ին վերարտադրվելու։ Ի՞նչ պիտի նա ներկայացնի քաղաքացիներին, որ իրեն քվե տան։ Նա պետք է գա ու ասի՝ ժողովուրդ ջան, տեսեք, ես էս հինգ տարին նենց արեցի, որ ապահովեցի ձեր անվտանգությունը, հիմա եկել հասել ենք էդ վերջին կետին, որ ես էդ փաստաթուղթը ստորագրեմ ու մենք ՀՀ-ին բերենք հավերժ խաղաղություն։ Հիմա ինձ քվե տվեք, որ ես գնամ, այդ փաստաթուղթը ստորագրեմ։ Էստեղ էլի գալիս ենք համաձայնագիր-պայմանագիր բառախաղին։ Համաձայնագիրն ինքը հիմա կստորագրի, որպեսզի 2026-ի ընտրություններին ասի՝ ես պիտի ունենամ նոր մանդատ, որ պայմանագիրն էլ ստորագրեմ։ Ալիևը պայմանագիրը հիմա չի ստորագրի, համաձայնագիրը կարող է ստորագրի, եթե մենք այդ տրամաբանության մեջ ենք, որ համաձայնագիր է լինելու, ապա՝ պայմանագիր»,- մեկնաբանեց Արթուր Վանեցյանը։
«Հայրենիք» կուսակցության ղեկավարի կարծիքով՝ այդ փաստաթղթի մասին ամեն ինչ չէ, որ հայտնի է, պարզ չէ՝ Ադրբեջանը հանե՞լ է այն կետը, որ ՀՀ-ն չպետք է ունենա զինված ուժեր, կամ Սահմանադրության փոփոխության հարցն արդյո՞ք Ադրբեջանի պահանջով չէ։
«Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն իրեն ճղի, ասի, որ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով չի փոխելու, Ալիևը հայտարարում է ՀՀ-ի Սահմանադրության փոփոխության մասին»,- նկատեց նա։
Դիտարկմանը, որ իշխանությունն ընդդիմությանը մեղադրում է ադրբեջանական թեզեր հնչեցնելու մեջ, այսինքն՝ վերոնշյալ պահանջներից որևէ մեկը խաղաղության փաստաթղթում ամրագրված չէ, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը սինքրոն աշխատում է Ադրբեջանի հետ և ադրբեջանական թեզերը բերում է հայաստանյան օրակարգ։
«Ադրբեջանական կողմն ասում է՝ Հայաստանին խաղաղություն կնքելու մեջ խանգարում են Սփյուռքը, ռևանշիստական ուժերն ու եկեղեցին։ Ի՞նչ ենք մենք տեսնում․ Սփյուռքի հետ հարաբերությունների խզում-սառեցում, «ռևանշիստական ուժերի» նկատմամբ քաղաքական հետապնդումներ և եկեղեցու դեմ արշավ։ Հիմա ո՞վ է այդ թեզերը բերում մեր օրակարգ»,- նկատեց նա։
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ որևէ մեկը դեմ չէ խաղաղությանը։
«Միայն աննորմալ մարդը կարող է ասել, որ դեմ է խաղաղությանը, բայց խաղաղությունն ունի արժեք։ 2021-ին՝ Արցախյան պատերազմից հետո, էլի կար խաղաղություն, երաշխավորված էր Արցախի ժողովրդի՝ իրենց հողում անվտանգ ապրելու իրավունքը, բայց մենք ի՞նչ տեսանք»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ այս ամենում էլ իշխանությունն ունի իր պատճառաբանությունը, մեղքը գցում է ռուսների վրա, որոնք սադրեցին իրավիճակն Արցախում, և դրան էլ հետևեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ Արայիկ Հարությունյանն առնվազն երեք անգամ հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ։
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն առնվազն երեք անգամ համոզել է Արայիկ Հարությունյանին, որ նա հրաժարական չներկայացնի։ Վերջում Արայիկ Հարությունյանն ասել է՝ ես այլևս չեմ կարողանում, Նիկոլ Փաշինյանն ու հայաստանյան իշխանություններն ինձ այլևս չեն լսում, և ես պետք է հրաժարական տամ, որովհետև կա լարվածություն նաև Արցախի ժողովրդի մեջ։ Նա ասել է՝ եթե ես մնամ, մենք կորցնելու ենք Արցախը։ Եվ Արայիկ Հարությունյանի ջատագովությամբ է Սամվել Շահրամանյանը դարձել նախագահ»,- նշեց նա։
Արթուր Վանեցյանն այլ փակագծեր էլ բացեց․ 2023 թվականին, երբ ադրբեջանական ուժերը ներխուժեցին Արցախ, Սամվել Շահրամանյանին մի ռուսալեզու փաստաթուղթ են փոխանցել։
«Առաջին տողերում եղել է նշված, որ նոր իրողությունների պայմաններում, երբ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, պետք է ԼՂ խորհրդարանը որոշում ընդունի, որ էլ չկա այդ պետությունը։ Ի՞նչ է արել Սամվել Շահրամանյանը․ նա դիմել է խորամանկության, ասել է՝ չեմ կարող ԱԺ-ում նման քայլ անել, պատգամավորներն այստեղ չեն, քվորում չկա։ Դրանից հետո փաստաթուղթն ուղարկվել է Նիկոլ Փաշինյանին, նա ասել է՝ ինչ ուզում եք արեք։ Դրանից հետո, երկար բանակցություններից հետո Սամվել Շահրամանյանին հաջողվել է ստեղծել մի հրամանագրի տեքստ, որը մենք փաստաթղթի տեսքով չենք էլ տեսել։ Նա այդ փաստաթղթի հիմքով արցախցիներին անվտանգ հասցրել է Հայաստան և այստեղ չեղարկել է այդ փաստաթուղթը»,- ներկայացրեց նա։
Ուստի, ըստ Արթուր Վանեցյանի՝ «թուրքի դեմ կզած» իշխանությունը չի կարող որևէ հայանպաստ քայլ անել։
«Նա հոգեբանորեն ճնշված է․ Ալիևն ուղիղ եթերում ինչ ասես ասում է Փաշինյանին, նրա հետ հանդիպումների ընթացքում ի՞նչ կարող է անել Փաշինյանը, որ արդեն ճնշված է»,- նկատեց Արթուր Վանեցյանը։