Արցախը կիսանախագահական կառավարման անցման որոշումը խոսում է պատասխանատվության լղոզման մասին․ Արայիկ Հարությունյանի համար փրկօղակ է լինելու․ Ստեփանյան

Արցախը կիսանախագահական կառավարման անցման որոշումը խոսում է պատասխանատվության լղոզման մասին․ Արայիկ Հարությունյանի համար փրկօղակ է լինելու․ Ստեփանյան

Արցախը կիսանախագահական կառավարման անցնելու վերաբերյալ որոշումը խոսում է պատասխանատվության լղոզման մասին՝ Արցախի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների մասով։ Սա վարկած է, բայց պարզ է, որ երբ պատասխանատվությունը մեկ անձ է կրում, այս դեպքում ԱՀ նախագահը, կիսանախագահականի անցնելու պարագայում պատասխանատվությունը նաև 30-ից ավելի պատգամավորներինը կլինի։ Այս մասին այսօր MediHub.am-ի հետ զրույցում ասաց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հրապարակել է Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որտեղ նշվում է, որ Արցախում նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որով անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգին, ինչպես նաև՝ խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին։

Ստեփանյանը նշեց, որ մարտահրավերներ չի տեսնում, հակառակը՝ դրական հնարավորություններ կան։

«Մոտավորապես տեղի է ունենում այն, ինչ կատարվեց ՀՀ-ում, այն տարբերությամբ, որ ՀՀ-ն կիսանախագահականից դարձավ խորհրդարանական, իսկ Արցախը նախագահականից անցում է կիսանախագահականի։ Մենք չենք կարող հիմա ասել, թե ինչ կլինի վաղը։ Զարգացումները և փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում և կարող է իրավիճակ ստեղծվել, երբ Արցախը պետք է որոշում ընդունի նաև իր ապագայի համար, այս դեպքում ավելի հարմար կլինի, որ որոշումը կայացվի խորհրդարանում, այլ ոչ թե մեկ անձի կողմից։ Սա Արայիկ Հարությունյանի համար փրկօղակ է լինելու»,-ընդգծեց նա։

Փորձագետի կարծիքով՝ որոշումը Արայիկ Հարությունյանի կողմից է եղել։ Դիտարկմանը, թե այսպես, թե այնպես, Արցախի հիմնախնդրի, կարգավիճակի մասով ԱՀ նախագահը չէր բանակցություններ վարում միջազգային հանրության հետ և հարցին, թե ի՞նչ էական առավելություններ կգրանցվեն, եթե երկիրն անցնի կիսանախագահականի՝ Ստեփանյանն արձագանքեց․

«Արցախի նախագահը բանակցություններ չի վարում արդեն մոտ 20 տարի, բայց կարող է իրավիճակ լինել, երբ վերջնական որոշումը կայացվի Արցախում, մենք պետք է սա հաշվի առնենք և կարծում եմ՝ ԱՀ ղեկավարությունը դեպի ապագա է նայում, երբ այսպիսի օրինագիծ է առաջ բերում, այլ հարց է, թե արդյոք Արցախում այդ հանրաքվեն կկայանա՝ հաշվի առնելով, որ Արցախում փաստացի իշխանությունը մեծ հաշվով ՌԴ-ի ձեռքերում է գտնվում»։

Լիաննա Թորոսյան