Ադրբեջանն օր օրի երկարացնում է ձեռքերը․ Ստեփանակերտում հողին է հավասարեցվել արդեն 3-րդ թաղամասը

Ադրբեջանն օր օրի երկարացնում է ձեռքերը․ Ստեփանակերտում հողին է հավասարեցվել արդեն 3-րդ թաղամասը

«Քանի դեռ Արցախի թեման փակված չէ և բոլոր պետությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունները բացեիբաց խոսում են արցախցիների վերադարձի ու սեփականության իրավունքի մասին, Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով պետք է պաշտպանի իր այսպես ասած «քույրերի ու եղբայրների» իրավունքը, կոշտ արձագանքի մշակութային ժառանգության, գյուղերի ու քաղաքների ոչնչացման մասով։ Փոխարենն այս լռությունից օգտվելով՝ Ադրբեջանն օր օրի ավելի է երկարացնում ձեռքերը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ինգա Բալայանը՝ մեկնաբանելով Ստեփանակերտում իրականացվող հայկական հետքի ոչնչացումը։ 

Ադրբեջանն արդեն 3-րդ թաղամասն է հողին հավասարեցրել։ Այս անգամ բնակելի մի ամբողջ թաղամաս` հարակից հասարակական նշանակության շենք-շինություններով, արդեն չկա։ Այս ամենից արցախցիները տեղեկանում են ադրբեջանական տելեգրամ ալիքներով հրապարակված տեսանյութերից։ 

«Առաջին թաղամասը կենտրոնական ավտոկայանի ու Արցախի պետական համալսարանաի հարակից շենքերն էին, այնուհետև Ստեփանակերտի հին փողոցը՝ Թումանյանը՝ իր ողջ շքեղությամբ։ Երեկ արդեն պարզ դարձավ, որ ապամոնտաժվել են Մխիթար Գոշ և Տիգրան Մեծ փողոցների հարակից շինությունները՝ ներառյալ պաշտպանության նախարարության բոլոր մասնաշենքերը, ընդհանուր շուրջ 1,6 հա տարածք»,- նշեց նա՝ համոզմունք հայտնելով, որ արցախցիների վերադարձի իրավունքի հարցի միակ խոչընդոտը եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս թուրքադրբեջանական շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանի։ 

«ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան հրապարակայնորեն աջակցել են վերադարձի իրավունքին, անգամ ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը խոսել է Արցախում հայերի էթնիկ զտման մասին՝ վերահաստատելով վերադարձի իրավունքի դիրքորոշումը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան