Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Հովհանավանք վանական համալիր (լուսանկարներ)

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․  Հովհանավանք վանական համալիր (լուսանկարներ)

MediaHub.am-ը  շարունակում է իր  հետևորդների ուշադրությանը  ներկայացնել  Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի քառասունվեցերորդ տեսարժան վայրը Հովհանավանքի վանական համալիրն է։

Հովհաննավանքը գտնվում է կտրուկ կիրճի բերանին: Իր չափերի և բարդ ճարտարապետական հորինվածքի շնորհիվ այն համարվում է միջնադարյան եզակի պատմական հուշարձաններից մեկը։ Վանքը հիմնադրել է Սբ. Գրիգոր Լուսավորիչը և հենց այստեղ հողին հանձնել Հովհաննես Մկրտչի մասունքները, ինչն էլ հիմք է հանդիսացել վանքը անվանել Հովհաննավանք: Վանական համալիրի ամենավաղ կառույցը Սուրբ Կարապետ եկեղեցին է: Վանական համալիրի յուրահատկություններից մեկն այն է, որ գլխավոր եկեղեցու շուրջ սովորականից շատ կառույցներ են տեղակայված: Վանքի պատերին կարելի է տեսնել զարդաքանդակներ և արձանագրություններ:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔԻ ՄԱՍԻՆ

1․ Վանքի ամենահին շենքը Սուրբ Կարապետ բազիլիկ տիպի եկեղեցին է, որը կառուցվել է Գրիգոր Լուսավորչի կողմից IV դարի սկզբին: Այս եկեղեցու փայտե տանիքը 554 թվականին փոխարինվեց քարե տանիքով, և ամբողջովին վերականգնվեց 1652-1734 թվականներին: Ըստ տարբեր աղբյուրների վանքը հիշատակվում է բազում անվանումներով ՝ Ամատունի Սուրբ Կարապետ, Անավանք վանք, Սուրբ Հովհաննես վանք, Հանավանք և այլն: 

2․ Համալիրի գլխավոր եկեղեցին` Սուրբ Կարապետը (Սուրբ Մկրտիչը), կառուցվել է իշխան Վաչե Վաչուտյանի կողմից 1216-1221 թթ։ Հոյակերտ շենքը գտնվում է անմիջապես ժայռոտ պռունկին, որտեղից բացվում է Քասախի կիրճի շքեղ տեսարան: Եկեղեցին ներքուստ խաչաձև է և այդ տեսքն ստացել է շինության չորս անկյուններում տեղադրված կրկնահարկ ավանդատների շնորհիվ։

3․ Վանքում գործում էին տարբեր ուսումնական հաստատություններ, միջնակարգ դպրոց, որտեղ դասավանդվում էին փիլիսոփայություն, երաժշտություն, բանասիրություն: Հովհաննավանքում գործել են տասնյակ գրիչներ, որոնք ընդօրինակել են բազմաթիվ ձեռագրեր։ Այդ ձեռագրերից մեր օրերն են հասել ու այժմ Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են մոտ 20 ձեռագրեր։