«Ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը»՝ որպես քելեխի մաhախոսական. ՔՊ-ի ծանր ժառանգությունը

Սովորաբար սուտը դառնում է թվացյալ ճշմարտություն այն ժամանակ, երբ ստախոսը, նախքան այլոց խաբելը, համոզում է ինքն իրեն։ Ինքնախաբեության փուլն անցնելուց հետո, սուտն արտաբերողն արդեն այնքան է համոզված լինում իր խոսքում, որ իրեն թվում է, թե այն, ինչ ինքն ասում է, իսկապես իրականում տեղի է ունեցել։
Օրինակ՝ 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը տեղին, թե անտեղին, Հայաստանի սահմաններից ներս, թե արտերկրում, ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս, թե որևէ մեկի քելեխին մահախոսական ասելիս, անպայման սկսում էր «ոչ բռնի, թավշյա հեղափոխություն» արտահայտությամբ։ Նպատակը մեկն էր՝ համոզել առաջին հերթին ինքն իրեն, որ Հայաստանում իսկապես տեղի է ունեցել առանց արտաքին միջամտության հեղափոխություն ու ինքը մերօրյա Վլադիմիր Իլյիչն է կամ Օլիվեր Կրոմվելը։ Կարողացավ այլոց համոզել, թե ոչ, հարցի մյուս կողմն է, սակայն ինքն իրեն լիովին բերեց այդ գիտակցությանը։
Սակայն, ժամանակի ընթացքում այդ ինքնախաբեությունը անհատական բնույթից դուրս գալով վերածվեց քաղաքական ինստիտուցիոնալ համակարգի։ Փաշինյանական ինքնախաբեությունը տարածվեց գրեթե ողջ ՔՊ-ի վրա, ու չկա որևէ քաղաքական պրոցես, որի մեկնարկը չտրվի ինքնախաբեությամբ։
Զորօրինակ՝ Գյումրիում սպասվելիք ընտրություններն ու Սարիկ Մինասյանին «մեր Սարիկը» վերանվանելու տենդենցը։ ՔՊ-ն Սարիկ Մինասյանին չի անվանում «մեր Սարիկը» այն պատճառով, որ նա «իրենց Սարիկն» է, այլ ճիշտ հակառակը՝ Սարիկ Մինասյանն իրենցը չի եղել, ու այժմ «մեր Սարիկը» արտահայտությամբ ՔՊ-ն փորձում է մի գնդակով երկու նապաստակ խփել։
Առաջին «նապաստակ»-ը բոլոր այն ՔՊ-ականներն են, որոնց մոտ կարող է դժգոհություն առաջանալ, թե ինչո՞ւ պետք է ՔՊ-ի հետ նախկինում որևէ կապ չունեցող անհատն այսօր լինի իրենց քաղաքապետի թեկնածուն Գյումրիում, մի՞թե առավել արժանավորը չկար։ Թեկուզ` Էմմա Պալյանի ամուսինը կամ եղբայրը։ Առաջինն ունի կառավարման «հսկայական» փորձ, եղել է սեփական կնոջ օգնականն Ազգային ժողովում, երկրորդն՝ ամբողջովին կրում է ՔՊ գաղափարախոսությունը` արցախցիներին հայ չի համարում։ Ու այստեղ օգնության է գալիս փաշինյանական ինքնախաբեության փորձված մեթոդը։ Չէ՞ որ նա «մեր Սարիկն» է։
Երկրորդ «նապաստակը» բուն Սարիկ Մինասյանն է, որովհետև երբ անդադար լսի «մեր Սարիկը» արտահայտությունը, անխուսափելի է, որ ինքը նույնպես կհավատա, որ «իրենց Սարիկն» է։ Ու երբ Սարիկ Մինասյանն ամբողջովին հավատա, որ «իրենց Սարիկն» է ու մտնի այդ դերի մեջ, ցավոք, ետդարձի կամուրջներն այրված կլինեն, քանի որ դառնալով «ՔՊ-ի Սարիկը»՝ «մեր Սարիկը» ստիպված կլինի կիսել Արցախի հանձնումն ու հայրենադավությունը, փորձի արդարացումներ գտնել, թե ինչո՞ւ Փաշինյանը նվիրաբերեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներն ու ուրացավ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնք այսօր կտտանքների են ենթարկվում Բաքվի բանտերում։ «Մեր Սարիկը» ստիպված է լինելու բացատրել, թե ինչո՞ւ Փաշինյանն ուղիղ համեմատական դրեց «Արևմտյան Հայաստանի» ու «Արևմտյան Ադրբեջանի» միջև, դրանով լեգիտիմացնելով Բաքվի պահանջները, ինչո՞ւ ուրացավ հայոց Ցեղասպանությունն ու հայոց պատմությունը։
«Մեր Սարիկը» ստիպված է լինելու պատասխաններ տալ նման և բազմաթիվ այլ հարցերի ևս, իսկ այդ հարցերն անպայման լինելու են, թող հանկարծ հույս չունենա, որ «ես ընդամենը քաղաքապետ եմ» ծեծված ու հարցերից խուսափելու հնացած մեթոդն աշխատելու է։
Սա այն ժառանգությունն է, որ կստանա «մեր Սարիկը», Արայիկ Հարությունյանի բնութագրմամբ՝ այդ «ծանր ծով տղան», եթե ժամանակին չսթափվի ու չգիտակցի, որ ոչ մի պաշտոն այնքան չարժե, որ հանուն դրա ուսերիդ վերցնես դավաճանության կուսակցության խայտառակությունը, որի հետ կապ չես ունեցել։ Սթափվելու համար թեպետ կարճ, բայց դեռ ժամանակ կա։
Կարեն Կարապետյան