Ե՞րբ Կենտրոնի բնակիչների համար «կարմիր գծեր»-ը կդառնան անվճար

«Կարմիր գծեր»-ի տարեկան վճարը դարձավ 160 հազար դրամ։ Այն, ինչից ուզում էին խուսափել Երևանի բնակիչների մեծ մասը, դարձավ իրականություն հունվարից։
MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Կենտրոնի բնակիչներից և այն քաղաքացիներից, ովքեր աշխատում են կենտրոնում։ Բայց, թերևս, ամենից վատ վիճակում հայտնվել են Կենտրոն վարչական շրջանում բնակվողները, որոնց ընտանեկան ծախսերը, փաստացի, ավեկացան տարեկան կտրվածքով 160 000 դրամով... եթե ընտանիքը մեկ ավտոմեքենա ունի ու չունի ավտոտնակ:
Երևանի ավագանու կողմից որոշումն ընդունելուց հետո Կենտրոնի բնակիչներն ահազանգում էին, որ կդիմեն փաստաբանի, քանի որ իրենց շենքը չունի բակ (շինարարական բումի պատճառով), իրենց մեքենաները կայանում են փողոցում, ու եթե որոշները տարեկան 12.000 դրամ էին վճարում, ապա այժմ ստիպված կլինեն վճարել 160 հազար դրամ։ Ինչ փուլում է այս գործընթացը, որը, նկատենք, մասսայական բնույթ չի կրում, տեղյակ չենք: Բայց այս հարցի շուրջ MediaHub-ը դեռ դեկտեմբերի վերջից մի քանի անգամ դիմել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին, հասկանալու, թե ի՞նչ արտոնություններ կունենան Կենտրոնի բնակիչները և ընդհանրապես, արդյո՞ք կլինեն այդ արտոությունները։ Թեև իրականում ավելի ճիշտ է ասել ոչ թե արտոնություն, այլ իրավունքի իրացում, քանզի քաղաքացու բնակության վայրը դարձնել վճարովի կայանատեղի այդ քաղաքացու իրավունքի կոպտագույն ոտնահարում է:
Կոստանյանից պատասխան էինք ստացել, որ Կենտրոնի բնակիչների մասով առանձին քննարկումներ են լինելու, և ապագայում պարզ կլինի, թե ինչ որոշում է կայացվելու իրենց մասով։
Սակայն, ահա անցել է երեք ամսից ավելի ժամանակ և ոչ մի որոշում դեռ չկա, Կենտրոնի բնակիչներն էլ ստիպված են վճարել 160 000 դրամը։
Եվ ահա այս ամենի ֆոնին ադեկվատ լուրեր հարևան Վրաստանից. ապրիլի 1-ից Թբիլիսիում Կենտրոնի բնակիչների համար ավտոկայանատեղիները կլինեն անվճար։ Վրաստանի մայրաքաղաքի իշխանությունները մտածում են իրենց քաղաքացիների մասին և չեն ոտնահարում նրանց իրավունքները:
Ինչո՞ւ Երևանում այդպես չէ։ Այս հարցով դիմեցինք քաղաքապետարան, որի լրատվական բաժնից MediaHub-ին տեղակացրին, որ Կենտրոնի բնակիչների մասով որևէ նախաձեռնություն, փոփոխություն, որ ներկայացված է քննարկման կամ նախատեսվող որևէ այլ զարգացում չունեն։
«Քննարկումների արդյունքում ձեռք բերված որևէ պայմանավորվածություն կամ հետագա ինչ-որ որոշում, հետագա այդ մասով աշխատանքների որևէ փոփոխություն, գործառույթ, սակագին, գին, որևէ բան չկա»,- փոխանցեցին մեզ Երևանի քաղաքապետարանից:
Այսպիսով, Թբիլիսիի բնակիչները կարող են իրենց գոհունակությունը հայտնել քաղաքային իշխանություններից, որ իրենց իրավունքները չեն ոտնահարվում, իսկ Երևանի Կենտրոնի բնակիչները պետք է համակերպվեն ընտանեկան բյուջեի ճեղքվածքի հետ:
Բայց եկեք արձանագրենք, որ ոչ միայն Թբիլիսիում, այլ շատ այլ երկրների մայրաքաղաքներում Կենտրոնի բնակիչների համար ավտոկայանատեղիները անվճար են, օրինակ հայերի այդքան սիրելի Հռոմում։ Միգուցե, մի օր այդպիսի բան անեն և՛ Երևանում, սակայն այժմ այդպիսի լավ նորություն չենք կարող սպասել, հակառակը, ինչպես և ավելի վաղ գրել էինք, քաղաքապետարանում քննարկումներ կան Կենտրոնը ընդհանրապես առավոտյան ժամերին երթևեկության համար փակելու, այն միայն արտոնյալների համար հասանելի դարձնելու համար:
Մարիաննա Արամյան