Արցախի իշխանությունն այլևս հույսեր չի՞ կապում Փաշինյանի իշխանության հետ. նախագահականից պարզաբանում են

Արցախի իշխանությունն այլևս հույսեր չի՞ կապում Փաշինյանի իշխանության հետ. նախագահականից պարզաբանում են

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը երեկ հայտարարեց. «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեկվա ելույթները հաստատեցին, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։ Պետք է պայքարել՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա»:

Սա, նկատենք, թերևս եզակի դեպք է, երբ Արցախի իշխանությունը բացահայտ Փաշինյանին և Ալիևին դրեց նույն հարթության վրա: Նախկինում, երբեմն, Արայիկ Հարությունյանը փորձել է ատամ ցույց տալ Փաշինյանին (բացառապես քաղաքական դաշտի ճնշման ներքո), բայց նման բացահայտ դեմարշ…. թեև ի՞նչ դեմարշ՝ առարկաները իրենց անուններով կոչելու փորձ չի եղել:

MediaHub-ը դիմեց Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանին՝ ճշտելու, թե արդյոք սա նշանակում է, որ Արցախի իշխանությունները իրավիճակի հանգուցալուծման հարցում այլևս հույս չեն կապում ՀՀ իշխանությունների հետ և մնացել են միայնակ: Ինչպես նաև հետաքրքրվել էինք, թե Արդյոք Արայիկ Հարությունյանը կիսում է Ռուբեն Վարդանյանի հնչեցրած այս տեսակետը:

Պատասխանը լակոնիկ էր.

«Արցախի անվտանգության խորհրդի հայտարարությունը պաշտոնական տեսակետ է»,- նշեց խոսնակը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի ԱԽ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:

Մենք գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից»:

Սպասենք զարգացումների՝ Փաշինյանն այս ամենը միանշանակ հենց այնպես չի թողնի...

 

Նարե Գնունի