Փաշինյանի «խրոխտ» դասընկերը

Փաշինյանի «խրոխտ» դասընկերը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանն է, որի հրամանով «ջանասիրությամբ» ձերբակալվում են Փաշինյանի իշխանության քննադատները։

Ստորագրահավաքը «հանցագործությո՞ւն» է

Ուրբաթ օրը, ոստիկանները, Հյուսիսային պողոտայում անցկացվող խաղաղ ստորագրահավաքի ժամանակ ապօրինի կերպով, առանց որևէ իրավական հիմքի ձերբակալել են փաստաբան, «Ազատագրական շարժման» համահիմնադիր Արա Զոհրաբյանին, և մի շարք այլ քաղաքացիների:

Արդեն տասը օր է «Ազատագրական շարժման» ներկայացուցիչները ստորագրահավաք են կազմակերպել և անցկացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Այս ընթացքում, ըստ նախաձեռնության, հրաժարականի պահանջին միացել է 6.000-ից ավելի մարդ։
Մենք անդրադարձել ենք «Ազատագրական շարժման» ստորագրահավաքին, նշել ենք, որ այս նախաձեռնության մարտավարությունն ամենևին էլ միանշանակ չի ընկալվում հասարակության կողմից, այսուհանդերձ՝ միանշանակ է, որ որևէ ստորագրահավաք, վարչապետի հրաժարականի պահանջով ակցիա չի կարող հանցագործություն համարվել։ Հետևաբար, մարդկանց բերման ենթարկելը՝ զուտ քաղաքական հայացքների կամ քաղաքական գործունության հատկանիշներով, ապօրինություն է։

Վահե Ղազարյանը՝ ժանդարմ

«Ոչինչ չի մոռացվելու։ Մոտ ապագայում, երբ քո գեներալ-մայորի կոչումը ու քո կենսագրությունը հաշվի չառնելով քաշքշեն իրավապահ մարմինների սենյակներով, կհիշես տիեզերական ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ»,- Կենտրոնի բաժին բերման ենթարկվելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նրա գրառման հասցեատերը ոստիկանապետ Վահե Ղազարյանն է, որն իր այսօրվա պաշտոնի մասին երազել անգամ չէր կարող, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի համերկրացին ըստ որոշ լուրերի՝ դասընկերը։

Վահե Ղազարյանի ղեկավարած ոստիկանությունը դարձել է բռնության գործիք, որը ծառայում է բացառապես Փաշինյանի քմահաճույքներին։ Ու բնականաբար, մի օր գալու է պատասխանատվության ժամը։

Վահրամ Բագրատյան