Բժիշկը խոսել է սրտի կաթվածը կանխատեսելու հնարավորության մասին

Բժիշկը խոսել է սրտի կաթվածը կանխատեսելու հնարավորության մասին

Էդինբուրգի համալսարանի գիտնականները  կարծում են, որ հայտնաբերել են սրտի մոտալուտ կաթվածը կանխատեսելու միջոց՝ սկանավորման եղանակով, որը լայնորեն կիրառվում է քաղցկեղն ախտորոշելու համար:

Տեխնոլոգիայի հիմքում ընկած է ռադիոակտիվ իզոտոպի կիրառումը, որը «լուսավորում է» զարկերակների վնասակար կուտակումները, որոնք այդպիսով տեսանելի են դառնում մագնիսառեզոնանսային շերտագրության (տոմոգրաֆիայի) ժամանակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Արդեն սրտի կաթված ունեցած 40 հիվանդներից 37-ի մոտ թեստային հետազոտության ժամանակ սկանավորումը հայտնաբերել էր զարկերակի վնասվածք:

Սրտաբան Ռոման Ալեքսեևն էլ գտնում է՝   այն մարդիկ, ովքեր ավելորդ քաշ ունեն և նստակյաց կենսակերպ են վարում, օրինակ՝ գրասենյակային աշխատողները, ենթակա են սրտի հետ կապված խնդիրների առաջացման:

«Եթե մարդն ակտիվորեն զբաղվում է սպորտով կամ շաբաթական առնվազն երկու-երեք անգամ ժամանակ հատկացնում ֆիզիկական ակտիվությանը, նա արդեն բարելավում է իր առողջությունը»,- վստահ է Ալեքսեևը։

Անհրաժեշտ է գոնե կանոնավոր կերպով երկար զբոսնել, որը տևում է կես ժամ կամ ավելի, ավելացրել է նա:

Նաև, Ալեքսեևի խոսքով, վատ սովորությունները չափազանց բացասաբար են ազդում սրտի առողջության վրա, մասնավորապես՝ ծխելը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի վտանգը։ Ավելին, եթե հիվանդի մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն, վաղ թե ուշ այն կվերաճի ինֆարկտի, ասել է սրտաբանը։