Այն, ինչ չարեց քաղաքապետ Փաշինյանը, կանի քաղաքապետ Ավինյա՞նը

Այն, ինչ չարեց քաղաքապետ Փաշինյանը, կանի քաղաքապետ Ավինյա՞նը

Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ MediaHub-ը հիշեց՝ ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2017 թվականին Երևանի քաղաքապետի թեկնածու էր։

Այն ժամանակ, երբ «Ելք կար», Փաշինյանը նախընտրական դասական, երբեմն էլ քաղաքացիների համար անսովոր խոստումներ էր տալիս։ Բայց, բախտի բերմամբ, թե պատահմամբ նա և իր քաղաքական թիմը պարտվեց քաղաքապետի ընտրություններում, սակայն հետագայում, ըստ էության, ստացավ ավելի լայն լիազորություններ երկրում իրավիճակ փոխվելու համար։ Այդ թվում և Երևանում:

2018 թվականի այսպես կոչված «Թավշյա հեղափոխությունից» հետո քաղաքային իշխանությունը ևս Փաշինյանի թիմին հանձնվեց։ Սկզբում Հայկ Մարությանն էր, որ ընտրվեց ժողովրդի կողմից, հետո Հրաչյա Սարգսյանը, հիմա էլ քաղաքապետի ժ/պ-ն Լևոն Հովհաննիսյանն է, բայց, իրականում՝ Տիգրան Ավինյանը։ Նրանցից և ոչ մեկը, սակայն, չեն հասցրել կամ չեն կարողացել կյանքի կոչել Փաշինյանի նախընտրական ծրագրերից շատերը։

Օրինակ՝ ավտոտնակների տանիքներին երեխաների համար խաղահրապարակ կառուցելը. «Ավելի անվտանգ է, ցանկապատվելու է։ Հիմա երեխաները խաղում են բակերում, որտեղ կան մեքենաների երթևեկություն»,- նախընտրական հարցազրույցներից մեկում ասել էր Փաշինյանը՝ հավելելով, որ ավտոտնակների սեփականատերերը խնդիր չեն ունենա, շարունակելու են մնալ իրենց գույքի տերը, պարզապես տանիքը պետք է կիսեն երեխաների հետ։ 2018 թվականից հետո եկած երեք քաղաքապետերն էլ այս ուղղությամբ չեն աշխատել։

MediaHub-ը փորձեց հենց Տիգրան Ավինյանից հետաքրքրվել, թե արդյոք առաջիկա ընտրություններում ինքն այս խոստումները ներառելու է իր նախընտրական ծրագրում, սակայն վերջինս զանգերին չպատասխանեց։ Փոխարենը մեր հարցերին պատասխանեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Այդ ծրագիրն այս ընթացքում եղել է բոլոր քաղաքապետերի ծրագրերի օրակարգում։ Ծրագիրը կա, այն ավտոտնակների տանիքները, որոնք կարող են խաղահրապարակ դառնալ, դրանց գույքագրումն արդեն ավարտվել է, բայց որպեսզի ծրագիրը մեկնարկի, պետք է կատարվի նաև սեյսմակայութնության ստուգում, որից հետո արդեն խաղահրապարակները կկառուցվեն»,-ասաց Սարդարյանը։

Փաշինյանի հաջորդ նախընտրական խոստումը մետրոյի նոր, Աջափնյակ կայարան կառուցելն է։ Այս խոստումը, թերևս, ավանդական է դարձել բոլոր քաղաքապետերի և թեկնածուների համար․ խոստանում են, ժամկետ նշում, բայց վերջնարդյունք չկա։ Փաշինյանն ասել էր՝ եթե ամեն ինչ ճիշտ և ժամանակին անեն, 2022 թվականին կայարանն արդեն շահագործման կդրվի։ Լավ ծրագիր է, օգտակար, սակայն ինչպես տեսնում ենք՝ մետրոյի նոր կայարանը չկա ու չկա, կան միայն խոստումներ։ Ինչ-որ բան ճիշտ չեղավ, գուցե, որ Փաշինյանի քաղաքական թիմը չկարողացավ մինչև 2022 թվականը մետրոյի նոր կայարան կառուցե՞լ։

Թե ինչո՞ւ, պատասխանում է կրկին Լևոն Սարդարյանը.

«Պետք է հաշվի առնենք, որ մինչև 2022 թվական եղան այնպիսի իրադարձություններ, որ չէին կարող թույլ տալ ամեն ինչ լիներ «ճիշտ և ժամանակին», առաջինը՝ կորոնավիրուսը, հետո պատերազմը։ Այս ամենը առնվազն 2 տարով հետաձգեց մետրոյի նոր կայարանի կառուցումը։ Ըստ էության, 2022 թվականին այդ գործընթացը վերագործարկվեց։ Եթե չեմ սխալվում, պարոն Ավինյանն էլ Կառավարության նիստում հայտարարեց, որ այս ամենը կտեևի 4 տարի, այսինքն 2026 թվականին կայարանը պատրաստ կլինի, բայց հիմա զուգահեռ նաև քննարկվում է Փեթակի տարածքում կայարան ունենալու հարցը»,-ներկայացրեց Սարդարյանը։

MediaHub-ի համար հետաքրքիր էր նաև 2017 թվականին քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Երևան քաղաքի տրանսպորտի վարչության պետը պետք է ծառայողական մեքենա չունենա, որպեսզի օգտվի հասարակական տրանսպորտից, որ մոտիկից ծանոթանա տրանսպորտի խնդիրներին։ Տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը մեզ հետ կապի դուրս չեկավ, սակայն հարցերի պատասխանը Լևոն Սարդարյանը կրկին տվեց.

«Հայկ Սարգսյանը հասարակական տրանսպորտից օգտվում է, բայց ծառայողական մեքենա ունի, առանց դրա հնարավոր չէ։ Պետք է ֆիքսել, որ ծառայողական մեքենան աշխատանքի գալու համար չէ, այլ աշխատանքային այցերին է դրանով գնում։ Ընդգծեմ, որ Փաշինյանը քաղաքապետ չի դարձել։ Երևան քաղաքի տրանսպորտի վարչության պետը ծառայողական մեքենա չունենալ չի կարող, հակառակ դեպքում կտապալի իր աշխատանքը»,-շեշտեց նա։

Փաշինյանի մյուս նախընտրական ծրագիր-խոստումը ավելի լայն «տարածքներ» էր պահանջում՝ փոխել Երևանի միկրոկլիման, քաղաքը շրջապատել անտառներով։

«Հիմա որտեղ հնարավոր է անտառային հատված ստանալ, աշխատում ենք այդ ուղղությամբ, օրինակ՝ Եռաբլուրի տարածքում։ Բայց Երևանը անտառով շրջապատելուց առաջ պետք է հիշել (մենք, թե՞ Փաշինյանը հիշեր- խմբ.), որ Երևանի շրջապատը Երևանը չէ, տարբեր մարզեր են՝ Արագածոտն, Կոտայք։ Սրանք Երևանի քաղաքապետարանի տիրույթում չեն, հատկապես լրատվության վարչության կոմպետենտությունից դուրս հարցեր են»,-հայտնեց Սարդարյանը։

Ստացվում է՝ Փաշինյանի թիմը 2018 թվականից սկսած, ունենալով հնարավորություն կյանքի կոչել նույն Փաշինյանի ծրագրերը՝ ոչ միշտ է հաջողել ինչ-ինչ պատճառներով։ Որոշ քայլեր իրագործվում են, աշխատում են այդ ուղղությամբ, բայց երբ Փաշինյանը ձգտում էր հայտնվել Երևանի քաղաքապետի պաշտոնին, արդյո՞ք մտածում էր, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինելու։ «Բեռը» հիմա Ավինյանի ուսերին է։

 

Լիաննա Թորոսյան