Ի՞նչ խաղերով ու սովորույթներով են ժամանակին հայերը հրաժեշտ տվել նախորդ տարվան ու դիմավորել նորը

Ի՞նչ խաղերով ու սովորույթներով են ժամանակին հայերը հրաժեշտ տվել նախորդ տարվան ու դիմավորել նորը

Ինչպե՞ս դիմավորել Ամանորը՝ հայերեն, մեր նախնիների նման: Ի՞նչ խաղերով ու սովորույթներով են ժամանակին հայերը հրաժեշտ տվել նախորդ տարվան ու դիմավորել նորը, տեղեկանում ենք Qahana.am-ից։

Չմոռացված ավանդույթները

Տարեմուտ, Տարին գլուխ, Կաղանդ, Նոր տարի, Ամանոր ու էլի շատ անուններով են հայերը կոչել սիրելի տոներից մեկը։

Նախկինում ևս տոնին պատրաստվելիս առաջնահերթ գործի էին անցնում տանտիկինները: Մաքրում էին տունն ու դուռը, հասնում ամենախոր անկյուններին, նորոգում թերի իրերն ու հարաբերությունները: Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր գժտված էին, ցանկալի է հաշտվեին: Միմյանց մաղթում էին, որ տունը շեն լինի, կարմիր օրեր շատ ունենան՝ կարմիր օրով, կարմիր շորով:

Գոհար Գոգոլյանը՝ Ծաղկաձոր համայնքի Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի տնօրենը, հիշեցնում է մեկ այլ գեղեցիկ սովորություն, որը մասամբ հասել է մինչև մեր օրեր:

 «Ամանորին բոլորը հավաքվում էին գերդաստանի մեծի տանը, խոնարհվում ու համբուրում էին նրա ձեռքն ու նրանից ստանում էին օրհնություն: Գերդաստանի մեծը բոլորին քաղցր էր տալիս՝ չրեր, ընկույզներ, ու սկսվում էին ընկուզախաղերը»,- նշում է մեր զրուցակիցը:

Հայկական ազգային խաղերը

Տոնական զվարճանքներից անպակաս էին խաղերը: Հայկական ժողովրդական բազմազան խաղերը ստեղծվել են կենցաղային իրավիճակներից:

Ազգագրագետները նշում են՝ երեխաների շրջայցերի միջոցով տոնը շնորհավորելու ավանդույթի մասին: Գոհար Գոգոլյանի խոսքով՝ այդ օրերին Արթիկի շրջանում տարածված խաղերից մեկն ուներ Բարեկենդանին նման տարրեր: Երեխաները դիմակավորվում էին, օրինակ՝ դեմքներին քսում ալյուր ու շրջում տնետուն: Մինչև չէին ստանում իրենց ցանկալի բաժինը, օրինակ՝ քաղցրը, չէին հեռանում ու միասին ստեղծում էին զվարճալի իրավիճակներ:

«Խաղում էին հին տարին ճանապարհելու և նորը դիմավորելու պահպանված և մեր օրեր հասած ամենագեղեցիկ խաղը՝ «Հովհաննես - Պատանես»-ը: Հովհաննեսն անցնող տարին է, Պատանեսը՝ պատանին, նոր տարին է: Պարանքաշոցի է: Մարդիկ խաղում էին, իրենց առօրյան լցնում ուրախությամբ»: 

Տարեմուտի ոչ երկար տևող հավաքույթներից հետո մարդիկ անցնում էին իրենց առօրյա գործերին: 

Հայկական տոնական ծառը

Ուսումնասիրելով ազգագրագետների նյութերը՝ տեսնում ենք, որ ժամանակին հայկական տոնական ծառը՝ Կաղանդի ծառը, ոչ միայն գեղեցիկ էր, այլև համեղ: Եղևնու փոխարեն տունը զարդարում էր ձիթապտղի կամ խնկի ծառը, որը մնում էր տանը ողջ տարին՝ ամեն տոնի հետ փոխելով իր զարդարանքը՝ գունավոր ձվերով, վարդերով: Ամանորին զարդերը բնության պարգևներն էին՝ չրեր, չամիչներ, շարոցներ, մրգեր: Ծիսական ծառը, որն ուներ Կենաց ծառի խորհուրդն ունեցող տոնական զարդը պատրաստում էին երգելով, ամեն կախվող իրի հետ օրհնություն տալով:

Ըստ հավատալիքների՝ խնկենին դրախտի գլխավոր ծառն է, յուրաքանչյուր ընտանիքի համար բարիքի աղբյուր։ Կենաց ծառը, որն ունի ընտանիքի պաշտամունքը, առկա է հայոց մշակույթի բոլոր շերտերում` միջնադարյան մանրանկարչություն, խաչքարեր, գորգերի նախշեր։ 

Կարևորելով ազգայինի պահպանումը՝ ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին խորհուրդ է տալիս կարևորել գաղափարի առկայությունն ու օրինակ՝ հայկական ծիսական ծառ ստանալու համար՝ ստեղծագործաբար մոտենալ: Տոնական կենաց ծառը կարող է պատրաստվել չիչխանից, անգամ ավելից, որը մաքրագործության խորհրդանիշն է: Կարելի է զարդարել խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերությունը, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը: