Էրդողանի կայսերական ամբիցիաների խոչընդոտն Ավետյաց երկիրն է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանին

Էրդողանի կայսերական ամբիցիաների խոչընդոտն Ավետյաց երկիրն է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնի է թե՛ տարածաշրջանում իր պանթուրքիստական նկրտումներով, թե՛ իր ուշագրավ հայտարարություններով։ Օրերս Էրդողանը նման մի հայտարարություն է արել՝ նշելով, թե Իսրայելը մարտահրավեր է նետում Թուրքիային։

«Իսրայելը սկսել է նենգ ծրագրի իրականացումը, որը չի բավարարվելու Գազայի գոտու, Հորդանան գետի Արեւմտյան ափի եւ Լիբանանի նկատմամբ ագրեսիայով։ Պարտադիր չէ մարգարե լինել տեսնելու համար Իսրայելի վերջնական նպատակը։ 

Յուրաքանչյուրը, ով գիտի պատմություն, կրոնի, քաղաքականության, դիվանագիտության պատմություն, հեշտությամբ կապ կգտնի Երուսաղեմի, Ալ Աքսա մզկիթի եւ Ավետյաց երկրի վերաբերյալ իսրայելյան պատրանքի միջեւ։ Մենք հրաշալի գիտենք, թե ինչ է Ավետյաց երկիրը: Իսրայելի իշխանությունները մրցավազք են սկսել Թուրքիային ձեռնոց նետելու համար: Մենք դա լավ գիտենք: Իսրայելյան ներկա վարչախումբն իր յուրաքանչյուր հայտարարությամբ, յուրաքանչյուր ցուցադրած նոր քարտեզով բացահայտում է իր իսկական մտադրությունները»,- ասել է Էրդողանը:

Ի՞նչ նկատի ունի Էրդողանը, ինչո՞ւ Հայաստանում այս հայտարարությունը մնաց գրեթե աննկատ, և ի՞նչ է սպասվում Հայաստանին․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ։

«Էրդողանի հայտարարության ենթատեքստը հասկանալու համար առաջին հերթին պետք է դիտարկել նրա ամբիցիաները՝ որպես մուսուլմանական աշխարհի լիդեր: Նրա և Թուրքիայի ամբիցիաները, այդ համապատկերում մուսուլմանների շահերի պաշտպանությունը՝ կոնկրետ Իսրայելի հետ բախման տիրույթում, Էրդողանը համարում է իր և իր երկրի կարևոր պարտականություններից մեկը։ Կայսերական մտածողությամբ, իսլամական մտածողությամբ, Իսրայելի քայլերն ընդդեմ Պաղեստինի, ընդդեմ տարբեր մուսուլմանական պետությունների ու կառույցների՝ Էրդողանն այս ամենն ընկալել է որպես քայլեր իր դեմ, իր՝ որպես իսլամական աշխարհի լիդերի»,– նշեց Մելքոնյանը։

Էրդողանի ելույթը, ըստ թուրքագետի, հենված էր նրա կայսերական մտածողության, իսլամական աշխարհի լիդերը լինելու ընկալումների վրա, որպեսզի ոչ մասնագիտական շրջանակներում այլ տպավորություն ստեղծի, սակայն, սա Թուրքիայի՝ որպես իսլամական գերտերություն դառնալու ճանապարհի և մտածողության արգասիքն է։

Ինչո՞ւ Էրդողանը բարձրաձայնեց Ավետյաց երկրի մասին, արդյո՞ք կարող ենք ընկալել նաև Հայաստանի հիշատակում այս ամենում, քանզի Ավետյաց երկիրը Միջանցք է բացված դեպի Հայաստան. թուրքագետը նշեց, որ չի կարծում, որ խոսքը Հայաստանի մասին էր։

«Իմ կարծիքով՝ Էրդողանը նկատի ուներ լայն տարածաշրջանը, որը համընկնում է պատմական Ավետյաց երկրի սահմանների հետ, որի հանդեպ պատկերացումները մի փոքր այլ են»,– նշեց նա։

Ըստ Մելքոնյանի՝ այստեղ պայքար է տարածաշրջանային գերտերություն դառնալու համար, Թուրքիան, բնականաբար, ունի մրցակիցներ տարածաշրջանում, իսկ Իսրայելն, իր հերթին, իր գործողություններով ոչ միայն հայտ է ներկայացնում դառնալու տարածաշրջանային լուրջ գերտերություն, որի պոտենցիալը նա ուներ, այլև իր քայլերով, փաստորեն, մարտահրավեր է նետում տարածաշրջանի մի շարք պետություններին, այդ թվում Իրանին, տարբեր այլ փոքր պետություններին, որոնք գտնվում են հակաիսրայելական բլոկում։

«Փաստացի Իսրայելի քայլերը շատ հետևողական են՝ և՛ իրական ռազմի դաշտում հաջողությունների հասնելու համար, և՛ գաղափարական դաշտում։ Սա նաև տարածաշրջանում գերտերություն դառնալու Իսրայելի հավակնության ամենացայտուն օրինակն է, որը, բնականաբար, համընկնում է կամ համագրվում է թուրքական շահերի հետ: Էրդողանի հայտարարությունների ենթատեքստը նաև դա է, որ տարածաշրջանը մի քանի գերտերությունների համար մի քիչ նեղ է և սկսվում է պայքար նրանց մեջ»,– ասաց Մելքոնյանը։

Եզրափակելով՝ թուրքագետը հիշեցրեց, որ պետք չի մոռանալ Թուրքիայի և Իսրայելի խորքային դաշինքի մասին, որը քննադատության պատճառ է դառնում ժամանակ առ ժամանակ տարբեր մուսուլմանական երկրների կողմից, և հակաիսրայելական հռետորաբանությանը զուգահեռ շարունակում են գործել թուրք–իսրայելական առևտրային պայմանագրերը, տարբեր բիզնես ծրագրերը: Այլ կերպ ասած՝ սա բարդ և խճճված խնդիր է։

Մարիաննա Արամյան