Ինչո՞ւ ՀՀ նախագահը մինչև օրս աշխատակազմի ղեկավար չունի․ նախագահականի պատասխանը

Ինչո՞ւ ՀՀ նախագահը մինչև օրս աշխատակազմի ղեկավար չունի․ նախագահականի պատասխանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մինչև օրս աշխատակազմի ղեկավար չունի։ Բացի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, թափուր են նաև կառուցվածքային մի շարք այլ ստորաբաժանումների ղեկավարների պաշտոններ։

MediaHub.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների իրականացումը վերապահված է աշխատակազմի ղեկավարի տեղակալին՝ համաձայն ՀՀ Հանրային ծառայության մասին օրենքի և ՀՀ նախագահի աշխատակազմի կանոնադրության:

«ՀՀ նախագահի աշխատակազմում թափուր պաշտոնների առաջացումն ու համալրումը բնականոն և շարունակական գործընթաց է, որը վերաբերելի է բոլոր պետական կառույցներին: Աշխատակազմի հանրային ծառայության պաշտոնների համալրման նպատակով հայտարարված մրցույթների մասին տեղեկությունները հրապարակվում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքի հայտարարություններ բաժնում:
ՀՀ նախագահի աշխատակազմի նպատակը ՀՀ նախագահի լիազորությունների իրականացման ապահովումն է: Աշխատակազմում հաստիքների քանակը որոշվում է բազմաշերտ վերլուծությունների հիման վրա, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով»,- ասվում է պատասխանում։