Արցախի 070 ծածկագիր ունեցող անձնագրերն այլևս ճամփորդական չե՞ն․ Չեխիայի դեսպանատունը դիմումներ չի ընդունում

Արցախի 070 ծածկագիր ունեցող անձնագրերն այլևս ճամփորդական չե՞ն․ Չեխիայի դեսպանատունը դիմումներ չի ընդունում

«Հայաստանում Չեխիայի դեսպանատունը իր պաշտոնական էջում արցախցիների հանդեպ անթաքույց դիսկրիմինացիա է իրականացնում»,-MediaHub-ին ասաց արցախցի Գուրգեն Բաղդասարյանը։ Նա պատահական է իմացել այդ մասին, սակայն, մտել է դեսպանատան պաշտոնական էջ ու համոզվել, որ 070 ծածկագիր ունեցող  քաղաքացիների անձնագրերն այլևս` նույնիսկ ճամփորդական չեն։

Փաստորեն այս տարվա սեպտեմբերի 1-ից Չեխիայի Հանրապետությունը պաշտոնապես չի ճանաչում Հայաստանի Հանրապետության՝ 070 կոդով տրամադրված ուղևորական փաստաթղթերը: Այս փաստը գրանցված է Prado ուղևորական փաստաթղթերի տվյալների բազայում․

«Մեր գրասենյակը չի կարող ընդունել վիզայի հայտեր, եթե ներկայացված են 070 կոդով անձնագրերով»,-նշված է կայքում:

Գուրգենն այս տարվա հուլիսին Արցախի իր անձնագրով մուլտիվիզայով այցելել է Գերմանիա, ապա Ավստրիա ու Չեխիա։ Ելքի արտոնագիր նրան հեշտ չի տրվել։ Պատճառը դարձյալ Արցախի քաղաքացիությունն է եղել, ավելի ճիշտ՝ 070 կոդը։ 

«Գերմանիայի դեսպանատունը սկզբից հրաժարվել է տրամադրել ելքի վիզա, բայց խնդիրը հանրայնացնելուց հետո կանչել ու վերցրել են անձնագիրս։ Փաստորեն, միայն հանրային պարսավանքով են լուծվում այսօրինակ խնդիրները»,-նշեց մեր զրուցակիցը, հավելելով, որ առաջինը պետք է ՀՀ-ն ընդունի ու վավերացնի 070 կոդով անձնագրերը․ «Հետևաբար ինչո՞ւ Չեխիայից կամ մյուս պետություններից պետք է նեղանանք»։ 

Նշենք, որ կառավարությունն այս մասով հստակեցրել է, թե՝ անձնագրերը ուղղակի տրվել են Արցախի բնակիչներին որպես ճամփորդական փաստաթուղթ (travel document), այսինքն՝ որպես փաստաթուղթ, որով հնարավորություն կլինի  դուրս գալ երկրից, ճամփորդել։

Հունան Թադևոսյան