Սաղմոսավանք՝ 5 փաստ

Սաղմոսավանք՝ 5 փաստ

Սաղմոսավանքը միջնադարյան Հայաստանի հանրահայտ մշակութային և հոգևոր կենտրոններից է: Այդ գեղեցկակերտ ու երկնասլաց վանական համալիրը Սաղմոսավան գյուղի արևելյան մասում է, Քասախ գետի կիրճի աջ եզրին:

1. Ըստ ավանդության` Սաղմոսավանքը հիմնադրել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, երբ թողել է հայրապետական սուրբ Աթոռը ու ճգնել Արագածի լանջերին: Նա ձմռան ցրտաշունչ եղանակին իջել է Քասախի կիրճը և այդտեղ կառուցել երկու անապատներ` մեկը՝ կիրճում, որն անվանվել է Լուսավորչի անապատ, իսկ մյուսը՝ կիրճի եզրին: Քանի որ վերջինում մշտապես պարապել են սաղմոսերգությամբ, այն անվանվել է Սաղմոսաց անապատ: Սաղմոսը հոգևոր երգ է, քնարական չափածո բանաստեղծություն: Սկսած 4-րդ դարից Հայաստանյայց եկեղեցին լայնորեն գործածել է սաղմոսները:

2. Սաղմոսավանքի անապատը գտնվում է վանքից հարավ եւ բաղկացած է ժայռափոր երկհարկ կառուցվածքներից։ Սաղմոսավանքի գլխավոր եկեղեցին՝ Սբ Սիոնը (Կաթողիկե) կառուցվել է 1215թ. Արագածոտնի իշխանաց իշխան Վաչե Վաչուտյանի եւ իր կնոջ Մամախաթունի միջոցներով ու հովանավորությամբ։ Եկեղեցին գմբեթավոր է, արտաքինից ուղղանկյուն հատակագծով, ներսից խաչաձեւ, անկյուններում կրկնահարկ խորաններով։ Սրբատաշ տուֆից կառուցված տաճարը լուսավորում են թմբուկի ու ճակատների 16 մեծ ու փոքր պատուհանները։

3. Գրատունը ունեցել է հարուստ մատենադարան: 13-րդ դարի վերջին այստեղ պահվել է շուրջ 120 ձեռագիր, որոնց թվում Ավետարաններից ու Աստվածաշնչի առանձին մեկնություններից, աստվածաբանական գրականությունից բացի` եղել են նաև հայ պատմիչներ Եղիշեի, Մխիթար Այրիվանեցու, Կիրակոս Գանձակեցու երկերը, Վանական վարդապետի, Ներսես Լամբրոնացու, Ներսես Շնորհալու աշխատությունները, ինչպես նաև թարգմանական գրականություն՝ Գրիգոր Նյուսացու, Հովհան Ոսկեբերանի, Փիլոն Եբրայեցու, Դիոնիսիոս Արեոպագեցու, Եպիփան Կիպրացու և այլոց գործեր: Ձեռագրերի ցանկը հայտնաբերել է Խաչիկ վարդապետ Դադյանը 1912թ. մայիսին Սաղմոսավանքի մոտ` կիրճի քարանձավներից մեկում:

4. Սաղմոսավանքը հայ դպրության զարգացման պատմության մեջ նշանակալի դեր է կատարել, ուստի այն երբեմն անվանվել է «հրեշտակաբնակ, լուսազարդ և ամենագով, յերկնահանգէտ և ի գերահռչակ ուխտ»: Պատմիչ Կիրակոս Գանձակեցին Սաղմոսավանքը դասել է իր ժամանակի հայկական ամենանշանավոր ութ մենաստանների շարքում:

5. Սաղմոսավանքի դպրոցը 15-րդ դարի սկզբում ղեկավարել է Հովհաննես Որոտնեցու համալսարանի շրջանավարտ, Գրիգոր Տաթևացու դասընկեր Հակոբ Սաղմոսավանքցին: Նրան հիշատակել է Թովմա Մեծոփեցին: Նա ընդօրինակել է ձեռագիր ժողովածու, որի սկզբնամասը գրվել էր դեռևս Մեծոփա վանքում: Գրիգոր Տաթևացու մահից հետո Տաթևի դպրոցի շատ աշակերտներ տեղափոխվել են Սաղմոսավանք՝ Հակոբ վարդապետի մոտ ուսումը շարունակելու: