Հնարավորություն չկա, ամեն օր գնանք նախարարություն մեր խնդիրների համար. արցախցիներն աջակցություն չեն ստացել

Հնարավորություն չկա, ամեն օր գնանք նախարարություն մեր խնդիրների համար. արցախցիներն աջակցություն չեն ստացել

Առստամյան Եվգինեի ընտանիքը բռնի տեղահանվել է Արցախի Մարտունի քաղաքից սեպտեմբերի 24-ին։ Ընտանիքը հիմա գտնվում է Էջմիածնին հարակից Խորոնք գյուղում։ 

Եվգինեն ու իր ամուսինը ՀՀ կառավարության կողմից արցախցիներին տրամադրվող 100 հազար դրամները ստացել են, իսկ երկու երեխաներինը՝ չեն ստացել: Ո՛չ երեխաների 100․000-ը կա, ո՛չ էլ 50․000-ը։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց տիկին Եվգինեն։ 

«Նախարարությունից մեզ ասում են, որ, իբր, մշակման փուլում է հարցը, բայց արդեն մեկ ամիս է, որ մենք հարցը բարձրացնում ենք, իսկ իրենք ասում են, որ մշակման փուլում է՝ վաղը, ուրբաթ, երկուշաբթի, ամեն անգամ այդ կերպ են պատասխանում, ու ոչինչ չի փոխվում»,- նշեց նա։

Մեր զրուցակցի խոսքով, Արցախից բռնի տեղահանվել են 6 հոգով, հիմա բնակվում են մի հին տան մեջ, որտեղ ոչ մի պայման չկա, բայց շնորհակալ են տանտիրոջը, որ այն տրամադրել է, որպեսզի դրսում չմնան։ Բայց նոյեմբերի 1-ին ոչ գումար ունեն վարձը մուծելու և ոչ էլ այլ առաջարկ կամ հնարավորություն հարցը լուծելու՝ թեկուզ պարտքով։ 

«Վաղը, որ տան տերը գա ասի դուրս եկեք, արդեն պետք է դուրս գանք։ Սոցապն անգամ հեռախոսազանգերին չի պատասխանում, խնդրել եմ, որ քարտուղարն էստեղի զանգի և փորձի կապ հաստատել, սակայն ոչ մի արդյունք»,- շեշտեց տիկին Եվգինեն։

Ընտանիքը շատ ցավ է տեսել, երկու զոհ ունի, գերեզմանները գտնվում են Մասիս քաղաքում, բայց այնտեղ գնալ-գալը խնդիր է դարձել։ Տիկին Եվգինեն նշում է, որ անգամ հնարավորություն չունեն, որ անընդհատ գնան նախարարություն և փորձեն իրենց հարցը կարգավորել. այնքան խնդիրներ ունեն, որ չգիտեն՝ որտեղից սկսեն.

«Մեզ հետ ոչինչ չենք հասցրել վերցնել, ես ընդամենը մի քանի շոր եմ վերցրել, իսկ սկեսուրս ու սկեսրայրս ոչինչ չեն կարողացել վերցնել, քանի որ իրենք Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղից են, թուրքերը մտել են ու միայն հասցրել են փախնել... սա է մեր կյանք, ի՞նչ անենք»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մարիա Զարգարյան