Աղոթում եմ, որ գոնե գերեզմանները չպղծեն․ Գրիգորին մնաց Արցախում, կինն ու որդին նրա կարոտն առնում են Եռաբլուրում 

Աղոթում եմ, որ գոնե գերեզմանները չպղծեն․ Գրիգորին մնաց Արցախում, կինն ու որդին նրա կարոտն առնում են Եռաբլուրում 

«Գրիգորիի 40-ամյակի օրը՝ նոյեմբերի 30-ին, չգիտեի՝ որտեղ գնայի, ո՞ւմ գերեզմանին ծաղիկ տանեի։ Հիմա գիշեր-ցերեկ հետևում եմ ադրբեջանական ալիքներին, մտքիս մեջ աղոթում, որ գոնե գերեզմանները չպղծեն։ Չկարողացանք ո՛չ նորմալ լաց լինել, ո՛չ էլ ծաղիկներ դնել. հողին հանձնեցինք, հետո ասացին՝ «գնում ենք»»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Ստեփանակերտից բռնի տեղահանված Լուսինե Միրզոյանը։ 

Լուսինեի փոքր, բայց երջանիկ ընտանիքը Ստեփանակերտում էր ապրում։ Գրիգորիի հետ իրենց հայրենի գյուղում՝ Խնձրիստանում միասին են մեծացել, սիրահարվել միմյանց, ընտանիք կազմել, հետո տեղափոխվել Արցախի մայրաքաղաք։ Զինվորական ամուսինն ամսվա մեծ մասն անց էր կացնում դիրքերում, ավագ ենթասպա էր 22 տարվա փորձով։

«Սեպտեմբերի 17-ին գյուղ գնացող մեքենա էինք հազիվ գտել։ Խնձրիստան գնալու առիթը բաց չթողեցինք։ Երեկոյան «համար 1» հրաման ստացավ, պիտի գնար։ Մեզ համար նորություն չէր, որ հատկապես սեպտեմբերի սկզբից սահմանին իրադրությունը լարված էր, ուստի մնալ չէր կարող, մանավանդ, որ Արցախի բանակին նա նվիրել է իր ապրած կյանքի մեծ մասը»,- ասում է կինը։ 

Նույն օրը Գրիգորին գնացել է Ասկերանի զորամաս, որից հետո բարձրացել են դիրքեր։ Սեպտեմբերի 19-ին ինչպես գրեթե բոլորը, նա ևս պատերազմից առաջ է խոսել կնոջ հետ։ Լուսինեն ասում է՝ այս անգամ էլ հավանական պատերազմի վերսկսման մասին ոչինչ չասաց. «Ես ծառայությունից հարցեր չէի տալիս, ինքն էլ հիմնականում ոչինչ չէր պատմում։ Մեր որդու մասին հարցրեց ու ամենօրյա կենցաղային հարցերից։ Զանգից մեկ ժամ հետո սկսվեց պատերազմը։ Այնքան ուժգին էր ամեն ինչ, որ նույնիսկ չգիտեի առաջինն ո՞u մասին մտածեi` որդուս, որ դպրոցում է, թե» Գրիգորիի»։ 

Մի կողմից օդային տագնապն էր, մյուս կողմից` անդադար հրթիռակոծությունը։ Լուսինեն ասում է, որ այդ ժամանակ, երբ փորձել է գնալ համար 7 դպրոց, որդուն՝ 14-ամյա Գևորգին աշակերտներից մեկի ծնողն է տուն հասցրել։ Հետո ամբողջ ընթացքում փորձել է կապ հաստատել Գրիգորիի հետ։ 

«Sms հաղորդագրություն էի թողել։ Երեկոյան ուշ պատասխանեց, ասաց որ ինքը լավ է, հորդորեց, որ մենք ապահով վայրում մնանք, դուրս չգանք։ Հաջորդ օրը նորից եմ զանգել, երկար փորձերից հետո վերջապես պատասխանել է։ Ես զգում էի, որ ամենաանհարմար պահին էի զանգել, արագ-արագ հարցրեց մեզանից, հետո ձայնը կտրվելով ասաց՝ հետո կխոսենք, ու կապն այդպես ընդհատվեց»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

Խրամորթի 420 մարտական դիրքում սեպտեմբերի 20-ի թեժ մարտերի ընթացքում զոհվում է նաև Գրիգորի Իսրայելյանը։ Նրա մարմինը չեզոք գոտում էր՝ թշնամու զբաղեցրած դիրքից տեսանելի վայրում։ Նույն օրը նրա մարտական ընկերներից Անդրանիկ Հարությունյանը փորձել է հանել, բայց թշնամու դիպուկահարի կրակոցից զոհվել է նաև Անդրանիկը։ Երեկոյան ընկերներն այդ տարածքից հանել են Գրիգորիի և Անդրանիկի դիերը և տեղափոխել Ստեփանակերտ։ 

«Մենք իրավիճակին չէինք տիրապետում։ Մի հայտարարություն չտարածեցին գոնե, ոչ ոք հանրային ելույթ չունեցավ ու մեզ տեղյակ չպահեցին, որ տեղահանվելու ենք, կամ եթե դուրս ենք գալու, գոնե այնտեղ թաղումներ չանեինք։ Մորգից ասում էին՝ «տեղ չկա, տարեք, հուղարկավորեք»։ Սեպտեմբերի 23-ին Գրիգորիին հողին հանձնեցինք Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում։ Նույն օրը լսեցինք, որ լքում ենք Արցախը»,- վշտացած ասում է Լուսինեն՝ նշելով, որ Արցախից կարողացել է հանել միայն Գրիգորիի անձնական իրերը, զինվորական պատվոգրերն ու մեդալները։ Իսկ անձնական խիզախության համար դրանց գումարվել է նաև հետմահու շնորհված «Արիություն» մեդալը։ 

Կինն ամուսնու կարոտն առնում է մինուճար որդուց՝ 14-ամյա Գևորգից, որ տեսքով ու բնավորությամբ Գրիգորին է։ Մոր խոսքով՝ Գևորգը ժամանակից շուտ է մեծացել, հոր կորստից հետո՝ սեպտեմբերի 25-ին, վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ մահացել է նաև իր մանկության ընկերը՝ Գերմանը։ 

«Ծանր շրջան է որդուս համար։ Իր տարիքին չհամապատասխան հարցեր է բարձրացնում։ Միշտ ասում է՝ «գնանք Ստեփանակերտ, մի ձև անենք պապայի գերեզմանը տեղափոխենք։ Ամեն անգամ սիրտս կտոր-կտոր է լինում»,- ասում է նա։ 

Լուսինեն որդու հետ ապաստանել են Երևանում։ Հաճախ են այցելում Եռաբլուր՝ Գրիգորիի զոհված ընկերներին, այդպես փորձում Արցախի համար զոհված ու այնտեղ ամփոփված ամուսնու կարոտն առնել…

Հունան Թադևոսյան