Հայկական խոհանոցի զարդը՝ ԼԱՎԱՇ. ե՞րբ են մարդիկ սկսել պատրաստել և ինչպե՞ս այն գրավեց ամբողջ աշխարհը

Հայկական խոհանոցի զարդը՝ ԼԱՎԱՇ. ե՞րբ են մարդիկ սկսել պատրաստել և ինչպե՞ս այն գրավեց ամբողջ աշխարհը

Գրիգոր Տաթևացին հացը մեկնաբանում է այսպես. «Հացը հայցումն թարգմանի, որ է հայց, բնութեան հայց»:

MediaHub-ը ներկայացնում է ազգային խոհանոցի մշակույթը բնութագրող ամենագունեղ տարրը: Ժողովուրդի կենցաղավարման բոլոր ավանդույթները, ինչպես նաև բնաշխարհի բոլոր բարիքները մեկտեղվում են ազգային խոհանոցում:

Հայկական խոհանոցի առանձնահատկությունները թվելիս պետք է առանձնացնենք այն հանգամանքը, որ հայկական մշակույթում խոհանոցը սերտորեն կապված է հյուրընկալության և հյուրասիրության հետ: Միայն հայերն են, որ իրենց դիցարանում ունեցել են հյուրասիրության և հյուրընկալության աստված՝ Վանատուրը:

Հայկական խոհանոցում և հյուրընկալության մեջ աղը և հացը համարվել են պաշտամունքային առարկաներ: Հնուց ի վեր, երբ արքունական խնջույքներ էին կազմակերպվում, խնջույքը միշտ սկսվում էր աղ ու հացի արարողությամբ: Հյուրերը և տանտերերը կանգնում էին դեմ դիմաց, այնպես, որ հացը կտրեին խաչաձև: Դա խորհրդանշում էր նրանց բարեկամությունը և այն հույսերը որոնք նրանք կապում էին բարեկամության հետ:

Հայերի կյանքում հացի կարևորությունը հասկանալու համար կարելի է ընդամենը ուշադրություն դարձնել այն փաստին, որ հայերը սնունդ ընդունելուն ասում են հաց ուտել: Եվ, իհարկե, այդտեղից էլ գալիս են բազմաթիվ թևավոր խոսքեր՝ «հացով մարդ», «տանդ հացը չպակասի», «թե ուզում ես ճանաչել մարդուն՝ նրա հետ հաց կեր»: Հացի կարևորությունը երևում է նույնիսկ հայկական էպոսի մեջ, երբ Դավիթը կրկնում է «Հացն ու գինին, Տեր կենդանին» և այդպիսով ուժ ստանում կռվից առաջ:

Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Ք.ա. 3-2 հազարամյակներում: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են անգամ 4-րդ և 3-րդ հազարամյակներին թվագրվող ցորենի և գարու հսկայական պաշարներ: Հնագետները պնդում են, որ Հայկական լեռնաշխարհի տարածքում, դեռ շատ վաղուց մարդիկ սկսել են զբաղվել երկրագործությամբ և ընտելացրել հաճար և կարծր ցորեն: Այստեղից պարզ է դառնում, որ հնում հայերն այս հացահատիկներն աճեցրել են ալյուր ստանալու, իսկ այնուհետև հաց կամ հայկական լավաշ թխելու նպատակով: Հայերը հացահատիկը պահում էին տարբեր տեսակի ամբարներում, շտեմարաններում, կարասներում և հատուկ հացահատիկի համար նախատեսված գետնափոր հորերում:

Գյուղացիները հացահատիկի բերքը հավաքելուց հետո չէին շտապում այն անմիջապես ալրաղաց տանել: Հնում առաջին բերքը միշտ տարվում էր եկեղեցի և այնտեղ օրհնվում: Միայն դրանից հետո գյուղացին կարող էր իր բերքը հավաքել և տանել ալրաղաց, աղալ և հետագայում հաց թխել: Սակայն բերքը օրհնության տանելիս այն պարզապես փնջած չէին տանում: Օրհնության տանելուց առաջ պատրաստում էին խաչբուռներ: Դրանք պատրաստելու համար հասկերին խաչի, հավերժության կեռխաչի կամ կենաց ծառի տեսք էին տալիս: Կենաց ծառն ինքնին հանդիսանում էր պտղաբերության, կյանքի սկզբի և հարատևության խորհրդանիշ:

Լավաշ բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաև մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած:

Թխման արարողությունը սկսվում է վաղ առավոտից՝ արևածագից: Խմորի կլոր գնդերը գրտնակելուց հետո, խմորը բացում են նաև ձեռքերի վրա: Սա շատ դժվար գործողություն է և միայն հմուտները կարող են այնպես անել, որ խմորը չպատռվի: Բացելուց հետո, խմորը գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է «ռաֆաթա» կամ «բադադ» և խփում թոնրի տաք պատին: Հաշված րոպեներ հետո լավաշը պատրաստ է:

Լավաշը նաև այն եզակի մթերքներից է, որը չունի պահպանման ժամկետ: Այն չորացնելու դեպքում կարելի է պահել շատ երկար, իսկ թրջելուց հետո կրկին վերականգնվում է սկզբնական համը:

2014 թվականի նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը: