Ամառը մոտ է. ո՞ր ուղղություններն են թանկացել

Եղանակներն արդեն հուշում են, որ ժամանակն է նախապատրաստվել ճանապարահորդության։ Բայց մինչ այդ շատ տրամաբանական հարց՝ արդյոք ՀՀ յուրաքանչյուր ոլորտում տեղի ունեցող գնաճը չի ազդի տուրիստական գործակալությունների կողմից առաջարկվող ծառայությունների գների վրա։
MediaHub-ը այսօր կապ հաստատեց մի քանի տուրիստական կազմակերպությունների հետ՝ ճշտելու, թե որքա՞ն գումար պատրաստենք ամառային հանգիստը ծրագրելիս:
«Նախորդ տարիների համեմատ այս տարվա հիմնական ուղղություններից են դարձել նաև Կիպրոսը և Հունաստանը, որը վերջերս ևս սկսել է զարգանալ»,- նշեցին «Վարդան թրեվլ» տուրիստական գործակալությունից։
Ուշագրավն այն է, որ գների թանկացումը նկատելի է հատկապես Եգիպտոսի փաթեթների համար՝ դեպի հայերի սիրած Շարմ էլ Շեյխ և Հուրգադա փաթեթները նախորդ տարի ավելի մատչելի էր, քան այս տարի։
«Արենա» տուրիստական կազմակերպության ներկայացուցչի խոսքով, այս տարի, որպես այդպիսին, նոր ուղղություններ չկան՝ բոլոր ուղղություններով էլ Հայաստանից եղել են առաջարկներ։ Եթե քաղաքացիները կարողանում են վիզա ձեռք բերել, ապա հիմնականում եվրոպական երկրներ են գնում։ Եվ այս տարի էլ՝ ավանդական ուղղություներից զատ, ՀՀ քաղաքացիները շատ են նախընտրում ճանապարհորդել դեպի եվրոպական երկրներ՝ Ֆրանսիա, Իտալիա ու Իսպանիա։
«Ախթամար տուր» տուրիստական ընկերության ներկայացուցիչն էլ հավելեց, որ մեծ հաշվով թանկացում չի նկատվում, բայց ահա դեպի Կիպրոս ավիատոմսերը թանկացել են։
Այս պահին ամենաառաջնային խնդիրը շենգեն գոտու երկրների դեսպանություններում օր հերթագրելն ու վիզա ստանալն է, ինչը որոշակիորեն տուրիզմի զարգացման անկման է բերում։ «Քաղաքացիներից շատերը հենց այս խնդրով պայմանավորված հրաժարվում են ճամփորդել այն ուղղություններով, ուր ցանկանում են և ընտրում են մեկ այլ ուղղություն»,- հավելեց ընկերության ներկայացուցիչը։
Նշենք, որ այս պահին դեռ փաթեթների գները բավականին մատչելի են, բայց, ինչպես հայտնի է, որքան մոտենում են արձակուրդները, այնքան գները բարձրանում են: Հետևապես, խորհուրդ են տալիս տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները, արդեն ժամանակն է մտածել ամռան մասին:
Վիկա Աբգարյան