Արմեն և Սերգեյ Սմբատյաններին բերման ենթարկելու լուրը ցնցեց ինձ, խորը տխրություն եմ զգում. Սպիվակովի նամակը

ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը բաց նամակ է գրել՝ պահանջելով Հայաստանի իշխանություններից փոխել Արմեն և Սերգեյ Սմբատյանների խափանման միջոցը:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Արմեն և Սերգեյ Սմբատյաններին բերման ենթարկելու և առանձնապես խոշոր չափերով կազմակերպված խարդախության մեջ մեղադրանք առաջադրելու լուրը ցնցեց ինձ։ Խորը տխրություն եմ զգում, որը չեմ կարող չկիսել իմ սիրելի հայ հանրության հետ, ում հետ կապված եմ արդեն 40 տարի։ Սա ոչ միայն ստեղծագործական, այլև մարդկային, ընտանեկան կապ է, ուստի ես չեմ կարող լռել օրը ցերեկով տեղի ունեցող անարդարության դեմ։ Հայ ազգը, ինչպես մեր մոլորակի ցանկացած ժողովուրդ, երկարացնում է իր գոյությունը, աճում ու ծաղկում է առաջին հերթին սերնդեսերունդ փոխանցվող մշակույթի շնորհիվ։ Արվեստի մարդկանց առաքելությունն է ստեղծել Հայրենիքի վեհ պատկեր:
Աչքիս առաջ Սերգեյ Սմբատյանը մի տղայից, որին ճանաչում էի մանկությունից, վերածվեց հայրենիքը վեհացնող լուսավորչի, դարձավ հայ մեծ մշակույթի ականավոր կրողը, ավելին, նա զրոյից ստեղծեց հրաշալի սիմֆոնիկ նվագախումբ։ Իր գոյության 17 տարիների ընթացքում իր ղեկավարի գեղարվեստական և կազմակերպչական մեծ տաղանդի շնորհիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տվել է բազմաթիվ համերգներ, փառատոներ, հյուրախաղեր, նրա հետ ելույթ են ունեցել համաշխարհային ճանաչում ունեցող տասնյակ ականավոր երաժիշտներ։
Մաեստրո Սմբատյանը երկար տարիներ համաշխարհային բեմում Հայաստանի և նրա մշակույթի գլխավոր քարոզիչներից է։ Եվ վստահ եմ, որ հայ հանրությունը պետք է հպարտանա նման արվեստագետով։ Կարող էի խոսել ընկերոջս՝ ականավոր հասարակական գործիչ, հումանիստ, իր երկրի իսկական հայրենասեր Արմեն Սմբատյանի մարդկային և մասնագիտական որակների մասին, բայց կասեմ գլխավորը. նրա ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում այն տարիներին, երբ Արմեն Սմբատյանն արտակարգ և լիազոր դեսպան էր, անգնահատելի է: