ԱՄՆ–ն ու Մեծ Բրիտանիան պատերա՞զմ են հրահրում տարածաշրջանում. MI-6-ի ղեկավարի այցի հետքերով

Վերջին շրջանում մի շարք հետաքրքիր հանդիպումներ են տեղի ունեցել․ նախ՝ Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության (MI6) ղեկավար Ռիչարդ Մուրը և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըռնսը հանդիպում են ունեցել Լոնդոնում։
Հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ Լոնդոնը և Վաշինգտոնը ակտիվորեն համագործակցում են միասնական ճակատ ստեղծելու համար՝ «դիմադրելու Ռուսաստանի ագրեսիվ մղումներին և Պուտինի նվաճողական պատերազմին Ուկրաինայում»: Նրանք նշում են, որ աշխարհակարգը «վտանգի տակ է, ինչպիսին մարդկությունը չի տեսել Սառը պատերազմից ի վեր»:
Այս հանդիպումից օրեր անց Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարը ժամանեց Բաքու. այցի պաշտոնական վարկածը համալսարանում դասախոսությունն է։
Հասկանալի է, որ նման պաշտոն զբաղեցնող մարդկանց հանդիպումները, այցերը պատահական չեն լինում: Արևմտյան լրատվամիջոցներում ակտիվ քննարկվում է այն հարցը, թե ի՞նչ է լինելու ԱՄՆ–ի ընտրություններից հետո, որոշ լրատվամիջոցներ նշում են, որ միգուցե մեր տարածաշրջանում պատերազմական զարգացումներ լինեն։
Իսկ այդ ժամանակ տարածաշրջանում Իրանը հայտնում էր, որ Իսրայելը պետք է գիտակցի իր գործողությունների հետևանքները, մասնավորապես, նկատի ունենալով այն, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի սպանության համար։ Սակայն, անցավ տևական ժամանակ, բայց Իրանը այդպես էլ չպատասխանեց Իսրայելին։ Ռուսաստանը, իր հերթին, զբաղված է ուկրաինական ուղղությամբ և պատերազմում է արդեն իր տարածքում։ Այսպիսով, տարածաշրջանի երկու խոշոր խաղացողները, որոնք, կարելի է ասել, ԱՄՆ–ի «թշնամական երկրներ են», այժմ զբաղված են այլ գործողություններով, ուստի հավանական հարց է ծագում՝ գուցե՞ ամերիկյան ընտրություններից հետո պահը հասունանա և տարածաշրջանը էսկալացիայի գոտի կդառնա: Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։
«MI6–ի և ԿՀՎ–ի ղեկավարների գործունեության հետաքրքիր դրսևորումներից մեկը նշված էր «Financial Times»–ի հոդվածում, որտեղ «գլխավոր մեխը»՝ իրենք իրենց երկրների քաղաքական վերնախավերին փորձում են ապացուցել, որ եթե իրենց ծառայություններից հրաժարվեն, ապա «կոշտ և բոբո» Ռուսաստանը ինչ–որ գործողություններ կանի ընդդեմ ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի կամ Արևմուտքի։ Իրենք փորձում են հիմնավորել, թե ինչո՞ւ է անհրաժեշտ պահպանել այն քաղաքական կուրսը, որի սպասարկումն իրականացնում են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ–ի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, և իրենց հիմնական թիրախը ՌԴ–ն է»,– նշեց քաղաքագետը։
Ըստ նրա՝ գուցե Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավարի այցով Ադրբեջան, փորձում են դրդել Ադրբեջանին ինչ–որ գործողություններ իրականացնել՝ ոչ այդքան Իրանի դեմ, այլ ՌԴ–ի։ Մաթևոսյանը շեշտեց՝ լարվածությունը, որ կար ինչ–որ փուլում ՌԴ–ի և Ադրբեջանի միջև փոխհարաբերություններում, կարծես գնում է նվազման, և դա, հավանաբար, դուր չի գալիս արևմտյան գործընկերներին։
«Հերթական անգամ փորձելով պատերազմ հրահրել մեր տարածաշրձանում, տրամաբանական է, որ փորձում են օգտագործել Ադրբեջանին. կա մի ոսկե կանոն՝ «որտեղ պահում ես քո կապիտալները, այդ բևեռի շահերի սպասարկմամբ ես զբաղվելու»»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին, թե ինչո՞ւ Իրանն այդպես էլ «հուժկու պատասխան չտվեց», քաղաքագետը պատասխանեց, որ Իրանում տեղի ունեցած պայթյունը շարունակություն է Իսրայելի և Պաղեստինի միջև սկսված պատերազմի, ու կարծես թե ամեն անգամ, երբ կողմերը գնում են դեպի պատերազմական գործողությունների ակտիվ փուլի դադար, լինում է դեպք, որը կողմերին տանում է նոր սրացման։
«Իմ կարծիքով` Իրանի Իսլամական Հանրապետությունը շահագրգռված չէ ուղիղ առճակատման մեջ մտնել Իսրայելի հետ, բայց հարվածը տեղի է ունեցել Իրանի ներսում։ ԱՄՆ–ն ավելի կողմնակից է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև ռազմական գործողությունները ավարտվեն։ Իսմայիլ Հանիեի հետ տեղի ունեցածից հետո նաև ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ բարձրաստիճան զինվորականների պատվիրակությունը եկել էր Իրան տեղի իշխանությունների հետ բանակցությունների, և կարող են պայմանավորվածության գալ, որ Իրանը չի հասցնի հարվածել Իրանի տարածքից Իսրայելին, իսկ դրա փոխարեն, օրինակ, նախկինում սառեցված իրանական գումարները վերադարձնեն։ Այսինքն, այն, ինչ տեղի ունեցավ Իսմայիլ Հանիեի հետ, կարող են քաղաքական որոշակի գործընթացների արդյունքում վերածեն դիվիդենտների իրենց իսկ համար»,– ասաց Մաթևոսյանը։
Վերադառնալով տարածաշրջանում հավանական պատերազմի մասին հարցին` Մաթևոսյանը նշեց, որ նախագահական ընտրությունների արդյունքից անկախ՝ ԱՄՆ–ը հեռանալու է Եվրոպայից, և հիմնական թիրախը Չինաստանն է լինելու:
Ըստ նրա՝ սա բացատրվում է նրանով, որ տնտեսական առումով Չինաստանն արդեն հավասարվել է ԱՄՆ–ին, և տրամաբանական է, որ հաջորդիվ հիմնական գործողությունների թիրախը լինի հենց այդ երկիրը․ կփորձեն սահմանափակել և որոշակի ռազմական կոնֆլիկտ հրահրել արդեն Չինաստանի շուրջ։
Մարիաննա Արամյան