Քաղաքական բեսպրեդել

Քաղաքական բեսպրեդել

Ժամանակի սղության ու թեմաների առատության հետևանքով՝ ժամանակին հնարավորություն չենք ունեցել անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի վերջին ինքնաասուլիսի մի վտանգավոր դրվագի, որտեղ փաստացի վարչապետը խոսում է անկախ մարմինների կուսակցականացման մասին:

«Պատճառները կարող են տարբեր լինել, բայց, օրինակ՝ Վահագն Հովակիմյանն իր ողջ գործունեության ընթացքում պայքարել է ընտրությունների արդարության համար, և նա մի քաղաքական թիմի ներկայացուցիչ է, ում կառավարման օրոք Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները միջազգային հանրության կողմից որակվել են որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային»,- Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ՔՊ-ական նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ հարցին, և պատասխանելով լրագրողի՝ խոսում էիք Հրայր Թովմասյանից՝ ԿԸՀ նախագահ նշանակեցիք Վահագն Հովակիմյանին դիտարկմանը, պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը։

Իրականում Փաշինյանը զարգացնում է քաղաքական կամայականության տեսությունը: Նա առաջարկում է՝ այսուհետ ոչ թե օրենքով առաջնորդվել կամ ինքնակառավարվող մարմինների քաղաքական չեզոքության սկզբունքով, այլ «չորով» ընդունել, որ ինքն ու իր թիմն արդար են, այնքան արդար, որ վեր են օրենքից, սկզբունքներից, անգամ՝ բանականությունից:

Մյուս կողմից, այդ ո՞վ է ասել, որ, օրինակ, մինչև ՍԴ նախագահ դառնալը՝ Հրայր Թովմասյանն ոտնձգություն է կատարել սահմանադրական արդարադատության դեմ: Արդյո՞ք այն օրերի ընդդիմությունը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, կատարված հանցանքի համար էին քննադատում Թովմասյանին:

Իհարկե, ոչ:

Խնդիրն ամենևին էլ Թովմասյանի անձը չէր, այլ ընդդիմության մտավախությունը, որ կոնկրետ քաղաքական թիմ մտադրվել է սահմանադրական արդարադատությունն օգտագործել իր կուսակցական շահերի համար: Հիմա նույն պատկերն է. ընդդիմությունն ասում է, որ ԿԸՀ-ի քաղաքական չեզոքությունը խարխլվում է, երբ այդ կառույցի ղեկին կանգնում է ակնհայտ կուսակցական ֆունկցիոներ: Ի դեպ, Փաշինյանի պատասխաններն այնքան արտառոց էին, որ անգամ Հանրայինի լրագրողը հեգնեց, թե վարչապետի տրամաբանությամբ՝ նույնիսկ դատավորներ կարող են նշանակվել ՔՊ շարքերից:

Թեև, ճակատագրի հեգնանքով արդեն այդպիսի նախադեպ էլ ունենք:

Վահրամ Բագրատյան